«ԻՊ-ը հենակետ է ստեղծում Կենտրոնական Ասիա ներխուժելու համար». ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ամրապնդվում է Աֆղանստանում և հենակետ է ստեղծում Կենտրոնական Ասիա ներխուժելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մեր վերջին հանդիպումից անցած մեկ տարվա ընթացքում Աֆղանստանում անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է անկայուն մնալ և միտումներ ունի վատթարանալու: Ամենամեծ անհանգստությունն ԻՊ խմբավորման ամրապնդումն է»,-հայտարարել է Պատրուշևը Թեհրանում՝ Աֆղանստանի անվտանգության հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների և խորհրդականների հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ չնայած վերջերս կառավարական ուժերի իրականացրած գործողությանը, որի արդյունքում ոչնչացվեց կամ գերի վերցվեց 600 զինյալ, տարբեր տվյալներով՝ Աֆղանստանում մնում է 2,5-ից 4 հազար ԻՊ-ական:
«Իրենց հիմնական ուժերն ԻՊ-ականները կենտրոնացնում են Աֆղանստանի հյուսիսում իրենց ներկայությունն ուժեղացնելու համար, այնտեղ արդեն կենտրոնացած է ավելի քան 2000 զինյալ՝ թալիբներին հակազդելու և Տաջիկստանի և Թուրքմենստանի տարածքով Կենտրոնական Ասիա ներխուժելու հենակետ ստեղծելու համար: Նրանց գլխավոր թիրախներ կարող են դառնալ ենթակառուցվածքային նշանակության օբյեկտները, ուժային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները, ինչպես նաև արտասահմանցի քաղաքացիները»,-ասել է Պատրուշևը:
Ռուս պաշտոնյան նշել է նաև, որ նրանց միանում են նաև նոր զինյալներ, այդ թվում՝ Սիրիայից և Իրաքից՝ Պակիստանի տարածքով:
Զինյալների վերջնական նպատակը, այսպես կոչված, «Մեծ Խորասանի» ստեղծումն է, որը պետք է ներառի Աֆղանստանի տարածքն ու Կենտրոնական Ասիան:










