Հայազգի գործարարը ձեռք է բերել Նյու Յորքում հեռարձակվող ռուսալեզու RTVI հեռուստաալիքը և մտադիր է ընդլայնել այն ԱՄՆ-ում

03:35 • 18.12.19

Հայկական արմատներով ամերիկացի գործարար Միքայել Իսրայելյանը ձեռք է բերել ռուսալեզու RTVI միջազգային հեռուստաալիքի մեծ մասնաբաժինը, այս մասին հաղորդել է Նյու Յորքում հեռարձակվող հեռուստաալիքը, գրում է Reuters-ը:

Ըստ հեռուստաալիքի մամուլի քարտուղարի՝ այս վաճառքն առաջինն է, երբ Ռուսաստանի սահմաններից դուրս գործող ռուսալեզու հեռուստաալիքը դառնում է արտասահմանցի բաժնետիրոջ մաժորիտար սեփականությունը:

Հաղորդվում է, որ հեռուստաալիքը 2012 թ.-ից պատկանում է Ռուսլան Սոկոլովին, իսկ Իսրայելյանը, ով գործունություն է ծավալուն ժամանցային ոլորտում և «Muse Lifestyle Group» -ի գործադիր տնօրենն է, ամբողջությամբ գնել է վերջինիս պատկանող բաժնեմասերը:

RTVI-ն ռուսերեն հեռարձակում է ապահովում ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Հեռուստաալիքը հաղորդել է, որ ծրագրում է ներկայացվածություն ունենալ նաև ԱՄՆ Վաշինգտոն և Կալիֆորնիա նահանգներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռուսական համայնքների համար նախատեսված նախագծերին:

Հայազգի գործարարի հայտարարությունում նշվում է, որ «այժմ Միացյալ Նահանգներում բնակվում է ռուսալեզու մոտ 7 միլիոն մարդ, որոնք հետաքրքրված են իրենց մայրենի լեզվով որակյալ կոնտենտ ունենալով»:

«Ես Արևմտյան ափում բիզնեսի հետագա զարգացման հնարավորություն եմ տեսնում հեռուստադիտողների նոր սերնդին ներգրավելու համար, որոնք ձգտում են պահպանել ռուսական մշակույթի հետ կապը»,- ասել է Իսրայելյանը: