Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար նորագույն IR-9 ցենտրիֆուգների փորձարկման մասին

14:50 • 18.12.19

Իրանը ներկայում ուրանի հարստացման համար նորագույն IR-9 ցենտրիֆուգի փորձարկումներ է իրականացնում: Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Մալայզիա կատարած այցի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Չնայած պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը՝ մենք միջուկային ոլորտում աճ ենք գրանցում: Այսօրվա դրությամբ մեզ մոտ նոր IR-6 ցենտրիֆուգներն են գործում, իսկ IR-9 ցենտրիֆուգները փորձարկումներ են անցնում»,- նախագահի խոսքը մեջբերում է նրա պաշտոնական կայքը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ավելի վաղ հայտարարել էր, որ ուրանի հարստացման համար նոր IR-9 ցենտրիֆուգի հզորությունը, որի ուղղությամբ այժմ աշխատում է Իրանը, հիմնական IR-1 ցենտրիֆուգի հզորությունից 50 անգամ ավելի է:

Հաղորդվում է, որ Իրանի միջուկային օբյեկտներում արդեն տեղադրվել են IR-9 տեսակի ցենտրիֆուգներ, ինչպես նաև միջուկային գործարքով չնախատեսված մի շարք այլ տեսակներ:  

2015 թվականին միջազգային «միջնորդ վեցնյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձեռքբերման մասին: Համաձայնագիրը նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Գործարքը նախնական ձևով նույնիսկ երեք տարի կյանք չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց դրանից դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած պարտավորությունների փուլային կրճատման մասին:

Թեհրանը մի շարք միջուկային սահմանափակումներից առաջին անգամ հրաժարվեց ԱՄՆ-ի` իրանական միջուկային գործարքից դուրս գալուց մեկ տարի անց: Ծրագրի մի շարք կետերի կատարումից հրաժարվելն առաջին փուլում կապված էր հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների հետ: 

Այնուհետև Թեհրանի իշխանությունները հայտարարեցին միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին ՝ ասելով, որ Իրանը հարստացնելու է ուրանն այնքան, որքան երկիրը դրա կարիքն ունի: Երրորդ փուլը սկսվեց սեպտեմբերի 6-ին, երբ Իրանը հայտարարեց, որ սկսել է աշխատել մի շարք ցենտրիֆուգների ուղղությամբ՝ չսահմանափակելով իրեն միջուկային հետազոտությունների և մշակումների ոլորտում:

Իրանը նոյեմբերի 6-ին չորրորդ անգամ հրաժարվեց միջուկային գործարքի պարտավորությունների կատարումից և սկսեց ցենտրիֆուգների օգտագործումն ուրանի հարստացման համար Ֆորդոյի օբյեկտում: