Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել

23:16 • 18.12.19

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել, Tert.am–ին այս մասին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից՝ նշելով, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։

Հիշեցնենք
, որ Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՔԾ–ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: