Status Quo ռոք խմբի հիմնադրի հայտնի կիթառն աճուրդում վաճառվել է մոտ 157 հազար դոլարով
Status Quo ռոք խմբի հիմնադիրներից մեկի՝ Ֆրենսիս Ռոսիին պատկանող կիթառը վաճառվել է մոտ 157 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Bonhams առևտրի տունը:
Ֆրենսիս Ռոսին իր «1957 Fender Telecaster»-ը լոնդոնյան աճուրդին է ներկայացրել այս տարվա նոյեմբերին: Երաժիշտն այդ կանաչ էլեկտրակիթառով, որը գնվել էր 1968-ին, առաջին անգամ ելույթ է ունեցել 1970-ին՝ նոր սինգլը ներկայացնելիս, և այն օգտագործել է մինչև 2015 թ.:
Մասնավորապես, այդ կիթառով նա ելույթ է ունեցել նաև 1985-ին «Ուեմբլի» մարզադաշտում տեղի ունեցած Live Aid համերգի ժամանակ:
Հաղորդվում է, որ երաժշտական բարեգործական աճուրդին մասնակցել է նաև բրիտանական Queen ռոք խումբը: Ֆրեդի Մերկուրիի սպիտակ տաբատը, որը երաժիշտը կրել էր 1986-ի երաժշտական հյուրախաղերի ընթացքում, վաճառվել է 26 հազար դոլարով: Նույն գնով վաճառվել է նաև The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի նկարը, որում երաժիշտը պատկերել էր իրեն կնոջ՝ Յոկո Օնոյի հետ:










