Զելենսկուց մինչև Բիլլի Այլիշ. «Яндекс»-ը պատմել է 2019-ի ամենատարածված հարցումների մասին
Ռուսական «Յանդեքս» ծառայությունն իր որոնողական համակարգի ուսումնասիրության արդյունքում ներկայացրել է 2019 թվականի ամենահայտնի անձանց և իրողությունները: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:
Իրադարձություններից ամենաշատը հետաքրքրություն են առաջացրել Ուկրաինայի նախագահական ընտրություններն ու Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը, իսկ ամենահայտնի անձինք են դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և համակարգչային խաղերի ստեղծող, ճապոնացի Հիդեո Կոձիման:
Ամենահայտնի մարդկանց ցուցակում են հայտնվել նաև շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը, դերասան Խոակին Ֆենիքսը, երգչուհի Բիլլի Այլիշը, թուրք դերասան Ալի Էրսան Դուրուն, դերասանուհի Ալեքսանդրա Նիկիֆորովան, մարզիկ Միխայիլ Կոկլյաևը:
Առանձին ցուցակ է կազմվել այն մարդկանց մասին, որոնց մահվան լուրը հետաքրքրության ալիք է բարձրացրել որոնողական համակարգում: Այդ ցուցակում են երգչուհի Յուլյա Նաչալովան, ռեփեր Դեցլը (Կիրիլ Տոլմացկի), լրագրող Սերգեյ Դորենկոն, գործարար Ալլա Վերբերը, դերասան Ալեքսեյ Բուլդակովը և Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Միակ ոչ ռուսաստանցի անձն այս ցուցակում եղել է բրիտանական The Prodigy խմբի վոկալիստ Քիտ Ֆլինտը:
Տարվա երեք գլխավոր մարզական իրադարձություններն են դարձել Խաբիբ Նուրմագոմեդովի և Դասթին Պորյեի, Ալեքսանդր Եմելյանենկոյի և Միխայիլ Կոկլյաևի և Ֆյոդոր Եմելյանենկոյի և Ռայան Բեյդերի միջև տեղի ունեցած մենամարտերը: Մյուս հետաքրքրություն առաջացրած սպորտային իրադարձությունները կապված են եղել հոկեյի և ֆուտբոլի հետ:
Թոփ-5 ֆիլմերի ցուցակում են հայտնվել «Տ-34»-ը, «Ջոքերը», «Վրիժառուները. Վերջնախաղ», «Այն 2» և «Սարդ-մարդը. Տնից հեռու» ֆիլմերը: Ամենահայտնի սերիալների ցուցակում են հայտնվել «Գահերի խաղը», «Չեռնոբիլ», «Ժուկի», «Իմ սրտի սուլթանը» և «Քամոտ» սերիալները:










