Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ռազմիկ Աբրահամյանին ձերբակալելու որոշումը. «Հետք»

20:36 • 19.12.19

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, ոչ իրավաչափ է ճանաչել Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը: «Հետք»-ի տեղեկություններով՝ այս մասին ասել է Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:

Հիշեցնենք, որ Աբրահամյանը ձերբակալվել է երեկ՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Բացի նրանից ձերբակալվել են ևս երեք անձինք:

Աբրահամյանի պաշտպանը նշել է, որ թեև ձերբակալման՝ ոչ իրավաչափ լինելու մասին որոշումն իրենց մոտ է՝ Աբրահամյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ շարունակելու է մնալ:

Սամվել Դիլբանդյանի խոսքով՝ Ռազմիկ Աբրահամյանը որևէ անձի հետ չի առերեսվել, նրան անգամ քրեական գործի շրջանակներում որպես վկա ցուցմունք տալու չեն հրավիրել: