Զինկոմիսարիատի շենքի փլուզումից տուժածների վիճակը գնահատվում է կայուն․ «Արմենիա» բժշկական կենտրոն (տեսանյութ)

19:50 • 19.12.19

Բժշկական օգնությունից հետո հիվանդների ընդհանուր վիճակը կայունացել է։ Ներկա պահին որևէ ախտաբանական խնդիր չի հայտնաբերվել, սակայն դեռ մեր ինտենսիվ հսկողության տակ են։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյանը՝  ներկայացնելով Զինկոմիսարիատի շենքի փլուզումից տուժածների վիճակը։

«Այսօր տեղի ունեցած փլուզման մասին ահազանգից հետո ընդունարանում դիտված հիվանդներից անհանգստացնող էր 47 տարեկան Նաիրա Մանուկյանի վիճակը, որի մոտ շնչառական անբավարության երևույթ էր նկատվել։ Նա հրատապ վերակենդանացման բաժանմունք է մտել, որտեղ ստացել է անհրաժեշտ օգնությունը»,- ներկայացրեց նա։

Սիրանուշ Ավագյանը ներկայացրեց, որ Նաիրա Մանուկյանը նաև ստորին վերջույթի խնդիր ունի։ Նա նշեց, որ մյուս տուժածը՝ Նաիրա Մանուկյանի որդին՝  18 ամյա Հայկ Մանուկյանն է եղել, որը հաղորդակցվելու դժվարություն է ունեցել։ Հայկ Մանուկյանը և մյուս տուժող 18 ամյա Էրիկ Վարդանյանը անհրաժեշտ բուժօգնություն են ստացել։

Ավագյանը նշեց, որ հիվանդների վիճակը գնահատվում է կայուն։

Տուժածներից մեկի ծնողը ներկայացրեց, որ առավոտից նրանց չեն թողել ներս մտնել, մրսել են, որից հետո մի քանիսին սպասասրահ են տարել և սպասասրահի հատվածը փլուզվել է։

«Առավոտվա ժամը 11-ից այնտեղ էինք, մարզերից երեխաներ կային, որոնք սպասողական վիճակում էին։ Մեր հերթը հասավ, ես աշխատանքից ուշանում էի, ծնողներից մեկին կանչեցի, որ երեխայի հետ լինեն, երկու քայլ դարպասից չէի հեռացել, աղմուկ լսեցի, մտածեցի՝ ինչ-որ մեկն է վատացել, հետ գնացի, տեսա՝ մայրս ընկած է, երեխաները ամբողջովին փոշոտ էին, տղայիս ձեռքը պատռվել է, արյունը չէր կտրվում»,- ասաց նա։

Ծնողը ներկայացրեց, որ տուժածները պատմել են, որ վերևից քարեր են ընկել։ Նրա խոսքով՝  իր տղայի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա որդին նորակոչիկ է, և այսօր որոշիչ զննումն էր, որից հետո պետք է պարզ դառնար՝ զորակոչվելու է բանակ, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: