Ուզբեկստանը ճանաչվել է տարվա երկիր՝ ըստ The Economist պարբերականի

16:00 • 19.12.19

Բրիտանական The Economist պարբերականի վարկածով՝ Ուզբեկստանը ճանաչվել է տարվա երկիր: Ըստ խմբագրական խորհրդի անդամների՝ 2019 թվականին այս երկրում իրավիճակը դարձել է «ակնհայտորեն պակաս ճնշող»: Դրական փոփոխություններ են սկսել արձանագրվել 2018 թվականից` նախագահ Շավքաթ Միրզիյոևի նախաձեռնած բարեփոխումներից հետո, «որոնք մեծ թափ են առել վերջին մեկ տարվա ընթացքում»:

«Երեք տարի առաջ Ուզբեկստանը հնաոճ հետխորհրդային բռնապետություն էր»,- ասվում է հոդվածում:

Հեղինակները նշում են, որ նախկին նախագահ Իսլամ Քարիմովն իր իշխանության օրոք տղամարդկանց, կանանց և երեխաներին ստիպել է աշխատել պլանտացիաներում, այդ իսկ պատճառով երկրում շատացել էին այլախոհները, որոնց հետ ակտիվ պայքար էր ընթանում:

2016-ին Քարիմովի մահից հետո Միրզիյոևը եկավ իշխանության, սակայն, ըստ հրատարակության, Ուզբեկստանում փոփոխությունները սկզբնական շրջանում դանդաղ են ընթացել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր նախագահի՝ 2018-ին իշխանության գալուց հետո նրա կառավարությունը դադարեցրեց հարկադիր աշխատանքը, արտասահմանցի լրագրողներին թույլ տվեց աշխատել, բացեց ավելի շատ սահմանային անցակետեր և իրականացրեց մի շարք այլ բարեփոխումներ:

Ըստ The Economist-ի՝ Ուզբեկստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց 2019 թվականին «ոչ մի այլ պետություն նման առաջընթաց չի գրանցել»:

Բացի Ուզբեկստանից, ցուցակում ընդգրկվել են նաև Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սուդանը:

Անցյալ տարի The Economist-ը Հայաստանի, Մալայզիայի և Եթովպիայի միջև ընտրության արդյունքում տարվա երկիր էր ճանաչել Հայաստանը, որը, ըստ պարբերականի, ցույց տվեց, որ «այն ժողովրդավարության և նորացման հնարավորություն ունի»:

Պատվավոր տիտղոսին պարբերականն արժանացնում է ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ խոհանոցն ունեցող երկրներին ու ժողովուրդներին, այլև հաշվի է առնում անցնող տարվա ընթացքում տվյալ երկրի գրանցած առաջընթացը: