Նույնիսկ իմ ընդդիմադիր եղած ժամանակ ԱԱԾ-ն չի անցել կարմիր գծերը, և ես վստահում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Անվտանգությունը Հայաստանի Հանրապետության բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն եմ համարում: Այս մասին այսօր Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ մեկ ու կես տարվա ընթացում ԱԱԾ-ն կատարել է իր առաջ դրված խնդիրը: Շատ է խոսվում ԱԱԾ-ին ուղղված քննադատությունների մասին, բայց ուզում եմ նշել, որ ԱԱԾ գործունեության մի զգալի մասը, մեծ մասն անտեսանելի է հանրության համար, և անվտանգությունը այն երևույթներից է, որի ներկայությունը սովորաբար չի նկատվում, սովորաբար դրա առկայության համար շնորհակալություն ոչ մեկը ոչ մեկին չի ասում, իսկ երբ կասկածի տակ է առնվում, բոլորը հանում են իրենց թրերը և հարձակվում»,-ասաց նա: Վարչապետը կարևորեց այն, որ ՀՀ-ն տեղ է զբաղեցրել աշխարհի անվտանգ երկրների ցանկում:
«Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, դիտարկումներ են եղել, թե որքան եմ ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում Ազգային անվտանգության ծառայությանը, որը գործել է այն ժամանակներում, երբ ես եղել եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ, իսկ դրանից առաջ քաղբանտարկյալ: Ես ուզում եմ ասել, որ, բնականաբար, տարբեր ժամանակներում իրավապահ համակարգը, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է տարբեր պայմաններում, բայց նույնիսկ այն ժամանակահատվածում ԱԱԾ-ն չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերակցություններում: Եվ ես նաև այդ պատճառով այսօր, որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, քանի որ դա նաև իմ պատկերացումն է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չպետք է Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվի: «Ժամանակի ընթացքում ԱԱԾ-ն գուցե ավելի պակաս ջանք պետք է գործադրի կոռուպցիայի դեմ պայքարում, քանի որ դրա համար պետք է ձևավորվի առավել արդյունավետ ինստիտուտներ»,-ասաց նա:










