Միկրոշրջան թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով. սպանության գործով կասկածյալը ձերբակալվել է

23:05 • 19.12.19

«Հրազդան» բժշկական կենտրոնից դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10․30-ի սահմաններում, ահազանգել են ոստիկանության Հրազդանի բաժին ու հայտնել, որ Միկրոշրջան թաղամասի 91-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա՝ բռնության հետքերով։  Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել, որ սպանվածը 51-ամյա տղամարդ է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Ըստ տեղեկության՝ սպանվածի դեմքն ամբողջությամբ ջնջխված է եղել և առաջ է քաշվել վարկած առ այն, որ վնասվածքները բռնունցքի հարվածների հետևանք են։ Բնակարանի զննությամբ պարզ է դարձել, որ հացկերույթ էր եղել։

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Կոտայքի մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքից կարճ ժամանակ անց Հրազդանի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել առ այն,  որ տղամարդուն ծեծելով սպանել է նրա 40-ամյա ծանոթներից մեկը, որը Հրազդանի բնակիչ է։ Շուտով հայտնի է դարձել, որ հացկերույթի ընթացքում նրանց միջև անհիմն վեճ է սկսվել, որը հանգուցալուծվել է սպանությամբ։

Հրազդանի ոստիկանները կասկածվողին հայտնաբերել են ու բերման ենթարկել բաժին։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։

Նա ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: