ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփի կեցավայրի տարածք ներխուժած չինուհու

13:59 • 19.12.19

Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կեցավայրի տարածք ներխուժելու համար ձերբակալված կինը Չինաստանի քաղաքացի է, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Ըստ հաղորդման՝ նա արդեն երկրորդ չինուհին է, որ փորձել է ներթափանցել «Մար ա Լագո» կալվածք: Ապրիլի սկզբին ՉԺՀ-ի երկու անձնագրերով, չորս բջջային հեռախոսներով և համակարգիչների աշխատանքը խոչընդոտող սարքով ևս մեկ չինուհի էր փորձել ներխուժել նախագահի կեցավայրի տարածք:

Ոստիկանության Փալմ Բիչի բաժնի ներկայացուցիչը հայտնել է, որ 56-ամյա Ցզին Լյուին նկատել են տարածքում և խնդրել հեռանալ:

«Նա վերադարձել է և սկսել լուսանկարել, այդ ժամանակ Փալմ Բիչի ոստիկանական բաժանմունքն արձագանքել է և ձերբակալել նրան»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Օգրոդնիկը:

Այդ նստավայրում Թրամփն անցկացնում է հանգստյան օրերի մեծ մասը և երբեմն այնտեղ է ընդունում այլ պետությունների ղեկավարներին: