Թրամփը վստահ է, որ Սենատն իրեն կարդարացնի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Սենատը պաշտոնանկության գործընթացի շրջանակում իրեն լիովին կարդարացնի: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:
«Այս օրը կնշանավորվի որպես մեր երկրի պատմության ամենաամոթալի քաղաքական դրվագներից մեկը: Չստանալով հանրապետականներից ոչ մեկի ձայնը և չներկայացնելով նախագահի մեղավորությունն ապացուցող ոչ մի ապացույց՝ դեմոկրատները պաշտոնանկության շրջանակում ապօրինի հոդվածներ են առաջ քաշել»,- ասված է Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ:
Վարչակազմի հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ Թրամփի նկատմամբ անսահման թշնամանքը «նրանց (դեմոկրատներին) 2016 թվականի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու և 2020 թվականի ապագա քվեարկությանը վնասելու ցանկության արդյունքն է»:
«Նախագահը վստահ է, որ Սենատը կվերականգնի արդարությունը, որն անտեսվել է Ներկայացուցիչների պալատում ընթացակարգերի ընթացքում»,- նշել են Թրամփի մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ լիազորությունների չարաշահում և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում հոդվածներով:
Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս դեմոկրատների, քվեարկել է Թրամփի պաշտոնանկության օգտին, հանրապետականները դեմ են քվեարկել: Պաշտոնանկության առաջին հոդվածով կողմ է քվեարկել 230 կոնգրեսական, այդ թվում՝ 1 անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ երկու դեմոկրատ: Մեկ մարդ ձեռնպահ է մնացել:
Սենատում Թրամփի պաշտոնանկության գործով քվեարկությունը կկայանա հունվարի 7-ին: Իսկ մինչ այդ արդարադատական հարցերով զբաղվող հանձնաժողովը հրապարակել է 658 էջանոց զեկույց, որում նախագահին մեղադրում է իր անձնական, քաղաքական շահերն ազգային անվտանգությունից, ազատ և արդար ընտրություններից վեր դասելու համար: Ըստ հանձնաժողովի՝ Թրամփը սահմանադրական և քրեական հանցանք է գործել՝ փորձելով ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա, որպեսզի վերջինս հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020թ. նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակից Ջո Բայդենի դեմ:










