«Չի կարելի սպառնալիքով, պատերին ծեփելով և ասֆալտին փռելով՝ մամուլը վախի մթնոլորտում պահել». «Մեդիա պաշտպան» նախաձեռնության անդամը՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժման մասին
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա հարձակումը ատելության մթնոլորտի հետևանք է, որի դեմ պայքարում է նոր ռեժիմը, բայց շատ հետաքրքիր ձևով է պայքարում՝ ամենաթողության մատնելով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության անդամ Սերգեյ Չամանյանը:
«Չի կարելի սպառնալիքով, պատերին ծեփելով և ասֆալտին փռելով՝ մամուլը վախի մթնոլորտում պահել, որովհետև մամուլն այն ինստիտուտներից մեկն է, որի վրա հիմնվում են քաղաքակրթությունը և դեմոկրատիան: Երբ հարձակվում են լրագրողի վրա, հարձակվում են իրենց խղճի վրա, երբ լրագրողը հայտնվում է հարվածի տակ, հարվածի տակ են գտնվում հասարակության «աչքերն» ու «ականջները»»,-ասաց Չամանյանը:
Նա նշեց, որ եթե հնչի վարկած, թե սա ուղղակի գողության փորձ էր, այն կվկայի ոստիկանության և այլ պատկան մարմինների անգործության մասին:
«Ես կոչ եմ անում և պահանջում եմ ուժային մարմիններից՝ շուտափույթ բացահայտել այս գործն իրականացնողներին և պատվիատուներին, քանի որ նման քայլերն ուղղակիորեն դեպի անդունդ են տանում: Լրագրողը չի կարող հանգիստ աշխատել, եթե իր կյանքին վտանգ է սպառնում: Հասարակությունը չի կարող ճիշտ ու օպերատիվ տեղեկություն ստանալ, երբ լրագրողը վախենում է իր կյանքի կամ իր գործատուի սեփականության համար»,-ասաց Չամանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










