Ամեն ինչ արել ենք տարեցների օրը հիշարժան դարձնելու համար․ «Կողքիդ եմ» ՀԿ-ն ամանորյա միջոցառում էր կազմակերպել տարեցների համար
«Կողքիդ եմ» տարեցների աջակցության ՀԿ-ն ամանորյա միջոցառում էր կազմակերպել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի և Նորքի տուն-ինտերնատի մոտ 60 տարեցների համար։ «Կողքիդ եմ» ՀԿ-ի նախագահ Գայանե Պողոսյանը ներկայացրեց, որ արդեն մեկ տարի է՝ նրանց կազմակերպությունը տարեցների համար նման հավաքույթներ է կազմակերպում տատիկ-պապիկներին ջերմություն փոխանցելու համար։
«Շատ բարձր տրամադրությամբ գալիք Ամանորն ենք տոնելու։ Ուզում ենք ընտանեկան ջերմություն տալ նրանց։ Շատերն էին ցանկանում մեզ միանալ, սակայն չստացվեց»,- ասաց նա։
Տարեցներից տիկին Սուսաննան նշեց, որ հաճելի է նման միջոցառումներին ներկա լինել։ «Ես շատ գոհ եմ նրանցից։ Ամեն ինչի համար շնորհակալ եմ, շատ լավ է կազմակերպված»,- ասաց նա։
Տիկին Սվետան էլ շնորհակալություն հայտնեց ուշադրության արժանանալու համար, նրա համար ողջունելի է, երբ իրենց գնահատում ու հիշում են։
«Կողքիդ եմ» ՀԿ-ի անդամ և միջոցառման կազմակերպիչ Լիլիթ Հախինյանը պատմեց, որ միջոցառումներով լի տարի են ունեցել, որից հետո որոշել են տարին ավանդական ընթրիքով ամփոփել։ «Այսօր մեր բարերարների հետ որոշել ենք նվերներով և անակնկալներով լի օր ապահովել տարեցների համար»,- ասաց նա և հավելեց, որ երեկույթի կազմակերպման համար ներդրում են ունեցել նաև ֆեյսբուքյան որոշ օգտատերեր։
Լիլիթ Հախինյանը նշեց նաև, որ տարեցների օրը հետաքրքիր դարձնելու համար, բացի պարային ծրագրից, խաղեր և նվերներ են պատրաստել։ «Ամեն ինչ արել ենք տարեցների օրը հիշարժան դարձնելու համար»,- ասաց նա։
ՀԿ-ի անդամ Իրինա Թովմասյանն էլ նշեց, որ այսօր այս տարեցների մեջ յուրաքանչյուրը տեսնում է իր տատիկ-պապիկներին, և նրանց համար պատրաստ են անել հնարավորին ամեն ինչ։
«Կողքիդ եմ» ՀԿ-ի նախագահ Գայանե Պողոսյանը նշեց՝ նկատելով, որ տարեցները ջերմության և ուշադրության կարիք ունեն, նախաձեռնել են այս կազմակերպության ստեղծումը, որպեսզի զբաղվեն ծերանոցների տարեցների լավ ժամանցն ապահովելով։ Նա նաև հավելեց, որ հաճախ են տարեցներին թատրոններ կամ պատկերասրահներ տանում։








































