«Բարսելոնա»-ի և «Ռեալ Մադրիդ»-ի խաղի ժամանակ կատալոնացիները մարզադաշտի մոտ բախվել են իրավապահների հետ (լուսանկարներ)
«Բարսելոնա» և «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ «Կամպ Նոու» մարզադաշտի մոտ բախումներ են տեղի ունեցել Կատալոնիայի անկախության համար պայքարող ակտիվիստների և ոստիկանության միջև:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ոստիկանությունն ակտիվիստներին թույլ չի տվել խանգարել ֆուտբոլային խաղը, որն ամբողջ աշխարհում դիտել է 650 մլն մարդ:
Աղբյուրը մանրամասնում է, որ հանդիպումը սկսվել է առանց միջադեպերի և կարճ ժամանակով է ընդհատվել միայն այն ժամանակ, երբ մի քանի ֆուտբոլասեր գնդակներ է նետել դաշտ՝ Իսպանիայի կառավարությունից պահանջելով երկխոսություն սկսել Կատալոնիայի անջատողականների հետ:
Ընդհանուր առմամբ, մարզադաշտի անվտանգությունն ապահովել են հազարավոր ոստիկաններ և անվտանգության ծառայողներ, որոնք շրջապատել են մարզադաշտը:
Ցուցարարներն այրել են աղբամաններ, ոստիկանները մահակներ են կիրառել: Կա 14 վիրավոր:
Խաղի ավարտից հետո ֆուտբոլասերները մարզադաշտը լքել են հարավային մուտքից, որպեսզի խուսափեն ակտիվիստների հետ հանդիպումից:




















