Եվրամիությունը 2020 թվականին կընդունի ավելի քան 30 000 փախստականի

09:49 • 19.12.19

Եվրոպական միության երկրները 2020 թվականին կընդունեն ավելի քան 30 000 փախստականի՝ առաջին հերթին աշխարհի ճգնաժամային գոտիներից: Եվրոպական հանձնաժողովի դեկտեմբերի 18-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ տեղերի այս քանակությունը ԵՄ անդամ երկրները պատրաստել են վերաբնակեցման ծրագրի շրջանակում, գրում է korrespondent.net կայքը:

Մասնավորապես՝ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել մինչև 5500 ներգաղթյալի:

Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կանխատեսման՝ ծրագրի շրջանակում առաջնահերթությունը կտրվի Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից, Միջերկրածովյան շրջանի երկրներից, Նիգերից և Ռուանդայից արտագաղթած ներգաղթյալներին:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական ապրելակերպի զարգացման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը վերաբնակեցման գործում ԵՄ-ի ներդրումը համարել է «խոշորագույնն աշխարհում»:

«Երբ մենք աշխատում ենք միասին, կարող ենք ստեղծել երկարաժամկետ, արդյունավետ և անվտանգ համակարգեր «ավելի խոցելիներին» պաշտպանելու համար»,-ընդգծել է նա:

Իր հերթին, ԵՄ-ի ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը հատուկ ընդգծել է «երրորդ երկրների հետ ամուր համագործակցության» անհրաժեշտությունը:

Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ 2015 թվականից ի վեր վերաբնակեցման ծրագրով ավելի քան 65 000 փախստական է ժամանել ԵՄ: Ընդունող երկիրը ԵՄ-ի կողմից ամեն ներգաղթյալի համար ստանում է 10 000 դոլար ֆինանսական աջակցություն: