Օրենքի պահանջ է. դա նույնն է, որ ասեն՝ Մարիամ Փաշինյանի պահպանության համար ավտոմատներ, զրահաբաճկոններ, ռադիոկապ և այլ իրեր են ձեռք բերվել. Փաշինյանը՝ դստեր համար գնված մեքենայի մասին (տեսանյութ)
Երեկվանից քննարկվում է այն հարցը, որ իբր իմ դստեր՝ Մարիամի համար ձեռք է բերվել ավտոմեքենա 2019 թվականի արտադրության, և ինչպես պետք էր կռահել երեկվանից պետական կառավարման մարմինները չեն կարողանում բացատրություն տալ՝ ինչ է տեղի ունեցել, եղե՞լ է նման բան, թե՞ չի եղել և ի վերջո պատասխան տալ այն բոլոր հարցերին, որոնք կարող են հուզել հանրությանը: Այս մասին ֆեսյբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լուրերին, թե պետական միջոցներով իր դստեր համար 27,000 դոլար արժողությամբ ամենագնաց է գնվել:
«ՀՀ վարչապետը և նրա ընտանիքի անդամները Հանրապետության հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասն են: Այս օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետը և նրա ընտանիքի անդամները պետական պահպանության ենթակա անձինք են: Օրենքն ասում է, որ ՀՀ վարչապետը չի կարող հրաժարվել պետական պահպանությունից, իսկ մյուս անձինք, նաև վարչապետի ընտանիքի անդամները, կարող են ժամանակավորապես հրաժարվել: Ընդհանուր առմամբ, տրամաբանությունն այն է, որ ո՛չ վարչապետը, ո՛չ վարչապետի ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից: Դա մեր օրենքն է»,- հայտարարեց նա:
Վարչապետը հավելեց, որ ըստ օրենքի՝ պետական պահպանության ենթակա անձի պահպանությունն իրականացվում է՝ այդ թվում տրանսպորտային միջոցների կիրառմամբ: Նա նշեց, որ պետական պահպանության ենթակա մարդուն պետք է հսկեն անվտանգության զինված աշխատակիցներ: Ապա հավելեց, որ եթե հատուկ պահպանվող անձը շարժվում է տրանսպորտով, մետրոյով, ինչպե՞ս պետք է այդ պահպանությունն իրականացվի:
«Դա ոչ թե նրանից է, որ ես եմ ուզում, նա է ուզում, այլ դա ՀՀ օրենքում է գրված: Հիմա այդ աշխատողները, որոնք կցված են պետական պահպանության անձին, նրանք պետք է շարժվելու իրավունք ունենան: Իմ ընտանիքի անդամները, որոնք որևէ տրանսպորտային միջոցով տեղից տեղ են շարժվում, այդ մեքենան իմ ընտանիքի անդամի համար չի գնված, այդ մեքենան գնված է պետական պահպանության ծառայության աշխատողների համար, որոնք իրականացնում են վարչապետի ընտանիքի ադամի անվտանգությունը: Այսինքն՝ օրենքով սահմանված է, որ այդ մարդիկ պետք է ունենան տրանսպորտային միջոց: Այն մեքենան, որով ես եմ շրջում, իմը չէ, դա Պետական պահպանության ծառայությանն է, որն էլ օգտագործում է վարչապետի անվտանգությունն ապահովելու համար: Ի բնե ասել՝ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի համար Պետական պահպանության ծառայությունը մեքենա է գնել, աբսուրդ է»,- շեշտեց նա:
Վարչապետը, անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իր դուստրը 2019 թվականի մեքենայով է շրջում, ասաց լուրը լսելուց հետո զանգել է ՊՊԾ և ճշտել՝ արդյոք առհասարակ 2019 թվականին մեքենա ձեռք բերվե՞լ է, թե՞ ոչ: «Ասացին՝ ոչ, ձեռք չի բերվել: Հետո հարցրի, թե երբ է ձեռք բերվել: Պարզվեց, որ 2018-ին մեքենա է ձեռք բերվել, բայց դրանք ձեռք չեն բերվել իմ ընտանիքի համար: Այդ մեքենաները ձեռք են բերվել իմ ընտանիքի անդամների ապահովությունը պահպանելու համար՝ ՊՊԾ-ի համար: Ես այն ժամանակ նույնիսկ տեղյակ էլ չեմ եղել, դա իմ գործառույթը չի եղել: Սա նույնն է, որ ասեն Մարիամ Փաշինյանի պահպանության համար Կալաշնիկովի ավտոմատներ, զրահաբաճկոններ, ռադիոկապ և այլ իրեր է ձեռք բերվել»,- ասաց նա և կրկին նշեց, որ դա օրենքի պահանջ է և որ իրենք այդ իրավունքից հրաժարվելու իրավունք չունեն:
«Հայաստանում մարդիկ կան, որոնց թվում է՝ «ախրանա» ունենալը, «ախրանայով» շրջելը գերագույն հաճույք է. մեր ընտանիքի ամենամեծ պռոբլեմները կապված են հենց այդ երևույթի հետ: Իմ ընտանիքի անդամներն իմ առջև հարց են դնում, որ իրենց համար պռոբլեմ է, դա մեր ընտանիքի պռոբլեմներից համար մեկն է»,- ասաց նա:
Նիկոլը Փաշինյանը նշեց, թե վերջերս վերնագիր է տեսել, որ մինչև թիկնազորը դուռը չի բացում, իր դուստրը չի իջնում ավտոմեքենայից, այս մասով Փաշինյանն ասաց. «Ես ձեզ համար մեծ անակնկալ ունեմ, որը ես էլ չգիտեի. պարզվում է՝ դա Պետական պահպանության ծառայության պահանջն է: Այսինքն՝ ի՞նչ, մարդկանց թվում է՝ «պագոններս» կընկնեի՞ն, եթե ես դուռը բացեի մեքենայի: Անվտանգության որոշակի ընթացակարգեր կան: Անվտանգությունը նախապես զգուշացնում է՝ խնդրում եմ Դուք դուռը չբացեք, եթե պետք լինի, մենք կբացենք: Ես կարծում եմ, որ այս մանրամասները իմանալը կարևոր է»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց, որ այս հարցերը երեկվանից պետք է պարզաբանվեին. «Բայց այդ է մեր պետականությունը, մեր պետական կառավարման համակարգը միշտ չէ, որ ի վիճակի է հարցերին տալ հստակ պարզաբանումներ և դա պռոբլեմ է, դա 20 տարվա եկած պռոբլեմ է և հեշտ չի լուծել: Պետական համակարգը «գող սիրտը դող» տրամաբանությամբ է աշխատում»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչու օրենքից չեն հրաժարվում նա ասաց. «Շատ պարզ պատճառ կա, դա անարդար կլինի հետագա վարչապետների համար, որովհետև եթե հիմա դա վերացնենք, հետո եթե ինչ-ինչ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի դա հետ բերելու, ապա կստացվի՝ մենք ուղղակի անձնական քմահաճույքներով ինչ-որ բան վերացրինք, իրենք էլ պետք է հետ բերեն ու չարչարվեն, բացատրեն, թե ինչու: Աշխարհում երկիր չկա, որ այս ինստիտուտը չունենա»,- հավելեց նա:










