Ստացած ահազանգերը երբեմն էմոցիոնալ պոռթկումների տպավորություն էին թողնում, բայց գուցե մեր գնահատականը այդքան էլ ճիշտ չի եղել. վարչապետը՝ նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի մասին

11:49 • 19.12.19

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելն անդրադարձավ, իր գնահատմամբ, շոկային տեղեկատվությանը՝ նորածինների ապօրինի որդեգրման դեպքերին:

Նա նշեց, որ երբ ահազանգեր էին ստանում և խորհրդակցություն անցկացնում այս հարցերի շուրջ, չէին կարող մտածել, որ նման բացահայտումներ կլինեն: «Անկեղծ ասած, մարդկայնորեն գուցե չէի  կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն բացահայտումներ, բայց փաստը մնում է փաստ, որ այս պահին ունենք ձերբակալված անձիք: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել, և մարդը մեղավոր է միայն դատարանի որոշմամբ, բայց այնուամենայնիվ, եթե նման գործողություններ արվել են, դա նշանակում է՝ կան կասկածելու հիմքեր»,-ասաց նա:

Վարչապետը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ կասկածները դառնալո՞ւ են մեղադրանք առաջադրելու որոշում:

Քննչական կոմիտեի նախագահը նշեց, որ երկու շաբաթ առաջ մեկ հոգի այս գործով ձերբակալվել է, և երեկ էլ չորս անձիք են ձերբակալվել: «Ապացույցների համակցությունը բավարար է այս պահին մեղադրանք առաջադրելու համար՝ 167 հոդվածի երկրորդ մասով, որն է՝  ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը: Ունենք բավարար ապացույցների համակցություն, գործով կատարվել են մի շարք խուզարկություններ և սկսած այդ անձանց պաշտոնավորման օրվանից՝ 2012 թվականից առ այսօր բոլոր փաստաթղթերը առգրավվել են, ենթարկվելու են մանրակրկիտ զննության, ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ»,-ասաց նա և հայտնեց, որ վաղը կամ մյուս օրը կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ:

Վարչապետը հասկանալի համարեց, որ այդ գործը էմոցիոնալ արձագանք է առաջացրել, բայց կարևորեց, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների: «Կարևոր է հասկանալ, թե ինչպես է պատահում և պատահել, որ ՀՀ-ում նման մեխանիզմը կարող է լինել և գործել: Այդ մեխանիզմը բավական երկար ժամանակ է գործել, և մենք պետք է իսկապես խնդիր դնենք գործի ամբողջական քննություն իրականացնելը, որ բոլոր մետաստազներով բացահայտվի: Ուզում եմ խոստովանել, որ շատ դեպքում ստացած ահազանգերը, ճիշտն ասած, երբեմն ոչ այդքան ադեկվատ, էմոցիոնալ պոռթկումների տպավորություն էին թողնում, բայց գուցե մեր գնահատականը այդքան էլ ճիշտ չի եղել»,- ասաց նա և նշեց, որ բոլոր կասկածները պետք է փարատվեն, և իսկապես արձանագրենք, որ այդ ամոթալի էջը փակել ենք իր բոլոր իրավական հետևանքներով:

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: