Սա Հանրային խորհրդի վերջին շանսն է, որ խորհրդատվական մարմինը կարող է էֆեկտիվ լինել. վարչապետը՝ ՀԽ նորընտիր նախագահ Ստեփան Սաֆարյանին
Այսօր կառավարությունը միաձայն Հանրային խորհրդի նախագահ ընտրեց Ստեփան Սաֆարյանին: Նրա թեկնածությունն առաջադրել է վարչապետը, ով հույս հայտնեց, որ Ստեփան Սաֆարյանի գործունեությունը նոր կարգավիճակում ավելի արդյունավետ կլինի ի շահ ՀՀ-ի, Արցախի և հայ ժողովրդի:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ սա իր կյանքում ամենաանսպասելի առաջարկներից մեկն է եղել: «Մեծագույն պատիվ է աշխատել ՀՀ-ի, Արցախի համար, հաճույք և պատիվ է նոր Հայաստանի գործընկերությամբ աշխատել»,-ասաց նա և խոստացավ հանրության ձայնը հասցնել կառավարությանը, օգտակար լինել խորհուրդներով:
Վարչապետն արձագանքեց, որ իրականում այնքան էլ լավ պայմաններում չէ, որ Ստեփան Սաֆարյանը պետք է ստանձնի այս կարգավիճակը, քանի որ ստեղծման առաջին իսկ օրից Հանրային խորհրդի նպատակայնության, գոյության հարցը հարցականի տակ է եղել, և վերջին շրջանում էլ այդ թեմայով բազմաթիվ քննարկումներ կան: «Ծանր առաքելություն է լինելու Հանրային խորհրդի նոր նախագահի առաքելությունը և, ըստ էության, Ձեր առաջ դրված է բարդ խնդիր հանրության կողմից, սա հանրային խորհրդի վերջին շանսն է, որ որպես խորհրդարանական մարմին կարող է էֆեկտիվ լինել»,-ասաց նա և խոստովանեց, որ ինքն ունեցել է խորհրդատվական մարմին ունենալու անհրաժեշտություն, սակայն իրականությունն այլ է եղել:
Վարչապետը նշեց, որ Հանրային խորհուրդը կարող է նաև արտախորհրդարանական ուժերի հետ հարաբերությունների կամ հանդիպման հարթակ դառնալ: Նա նկատեց, որ հեղափոխությունից հետո տեղի են ունեցել քաղաքական պայմանների ահռելի փոփոխություններ: «Շատ քաղաքական ուժեր նույնիսկ չեն արձանագրել, թե ինչ է եղել քաղաքական դաշտում, չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել և ունենում իրենց հետ, և օբյեկտիվ պատճառներ կան, քանի որ ինչ եղել է, եղել է անսպասելի»,-ասաց նա և նշեց, որ քաղաքական ուժերի գրեթե 99 տոկոսն առաջիկա տասը տարվա համար իրենց գործունեությունը պլանավորել էին: Ըստ նրա՝ այս իրավիճակում գտնվող քաղաքական ուժերը մինչև այսօր էլ այդ շոկը չեն հաղթահարել:










