Զինկոմիսարիատի շենքի փլուզումից 6 մարդ թեթև վնասվածք է ստացել․ կասկած կա, որ մեկ ծնող կոտրել է ոտքը. ՊՆ
Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի ունեցած փլուզման հետևանքով մոտ 6 մարդ թեթև վնասվածք է ստացել։ Միային մեկ ծնողի կարելի է տուժած համարել, կասկածվում է, որ ոտքն է կոտրվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Դրսում ցուրտ է եղել, և՛ զորակոչիկներին, և՛ ծնողներին ներս են հրավիրել։ Բոլորը մի տեղ են հավաքվել, ինչ-որ տեղ ծանրություն են տվել, հատակը փլվել է»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ կառույցը հին է եղել, նորոգման կարիք կար։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մասնագետները հիմա աշխատանքներ են տանում, իսկ վնասվածներին հիվանդանոց են տարել։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:










