Ղրիմում բնակվող Մկրտչյանների ընտանիքին, որոնց 6-ամյա դուստրը հազվադեպ հանդիպող հիվանդություն ունի, բնակարան են նվիրել

23:51 • 19.12.19

Ղրիմի Սիմֆերապոլ քաղաքում բնակվող Մկրտչյանների ընտանիքին երեք սենյականոց բնակարան են նվիրել:

Քաղաքի վարչակազմի ղեկավար Ելենա Պրոցենկոն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վարչակազմի ներկայացուցիչները մոտ մեկ ամիս առաջ այցելել էին Մկրտչյանների բազմանդամ ընտանիքին, որոնց վեցամյա դուստրը՝ Էթերին, երիկամների հազվադեպ հիվանդություն ունի:

«Աղջիկը հորմոնային փոխարինման թերապիա է ստանում, որը տանն են կատարում, և այդ գործընթացը ստերիլություն է պահանջում: Էթերիի ծնողները, ինչպես նաև նրա հինգ քույր ու եղբայրները, բնակվելիս են եղել մեկ սենյականոց բնակարանում, և անհրաժեշտ գործողությունները նորմալ անել շատ դժվար է եղել: Սակայն Էթերին և նրա ընտանիքը հավատում էր հրաշքների, և այն տեղի ունեցավ»,- գրել է Պրոցենկոն սոցցանցում:

Նա հավելել է, որ երեք սենյականոց բնակարանը Մկրտչյանների ընտանիքին տրամադրվել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովի աջակցությամբ: