«Այնպիսի տպավորություն է, ասես Էրդողանն անձամբ է կազմակերպել հայերի ցեղասպանությունը». ռուս լրագրող Միխայիլ Լեոնտևը Հայոց ցեղասպանության ընդունումը «խորհրդանշական ակցիա» է համարում (տեսանյութ)
«Комсомольская правда» ռադիոկայանի «Որն է վատը» հաղորդման եթերում ռուս լրագրող, «Роснефть» նավթային ընկերության փոխտնօրեն Միխայիլ Լեոնտևը հաղորդավարներ Դմիտրի Լեոնտևի և Իլյա Սավելևի հետ քննարկել է, ի թիվս այլնի, Թուրքիայի թեման, մասնավորապես՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ինքն ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարող է ճանաչել ամերիկացիների կողմից հնդկացիների ցեղասպանությունը:
«Մենք պետք է շատ կարճ կրկնենք: Մենք քննարկել ենք ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը և ասել ենք այն մասին, որ դա տեղի ունեցել է, ակնհայտ փաստ է: Ռուսաստանը երբեք դրանում չի կասկածել, միշտ ընդունել է ցեղասպանությունը: Մեզ համար խնդիր չկա: Հատկանշական է, որ այդ հարցում թուրքերը մեզ չեն անհանգստացնում, քանի որ հասկանում են դրա անիմաստությունը: Իսկ Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու շրջանակում միշտ զգուշորեն շրջանցել է այս հարցը: Իսկ հիմա, երբ Էրդողանը դարձավ վատը, ախ, արդեն ցեղասպանություն եղել է: Այնպիսի տպավորություն է, ասես Էրդողանն անձամբ է կազմակերպել հայերի ցեղասպանությունը: Նա ալիբի ունի, նա այն ժամանակ դեռ չէր ծնվել»,- ասել է Միխայիլ Լեոնտևը:
Իր հերթին էլ, Դմիտրի Լեոնտևը նշել է, որ երբ ընդունում էին այդ օրենքը, ժամանակի կեսը խոսում էին ոչ թե հայերի, այլ քրդերի մասին:
«Ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ ինչ-որ մեկը լքեց հայերին, նույն կերպ էլ հիմա Թրամփը լքեց քրդերին: Այդ է պատճառը, որ հիմա ճանաչեցին, ոչ թե 100 տարի առաջ: Ցանկացած հայի համար դա պետք է մի քիչ վիրավորական լինի»,-նշել է Դմիտրի Լեոնտևը:
Միխայիլ Լեոնտևը նշել է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև հնդկացիների ցեղասպանության հիպոթետիկ ճանաչումը խորհրդանշական ակցիաներ են, որոնք ոչ մի ազդեցություն չեն ունենա, իսկ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ինքը դուրս կհանի ամերիկացիներին «Ինջիրլիք» ռազմաբազայից, շատ ավելի լուրջ է»:
Նրա կարծիքով՝ Թուրքիայի նախագահն ամերիկացիներին դուրս կհանի ռազմաբազայից ոչ թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, այլ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու դեպքում:
Միխայիլ Լեոնտևը հայ հասարակության շրջանում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2018 թվականին «Комсомольская правда» ռադիոկայանի հաղորդումներից մեկի ժամանակ վիրավորական արտահայտություններ էր արել հայերի ու Հայաստանի հասցեին, սակայն հետո գրավոր ներողություն էր խնդրել ՀՀ վարչապետից:
Տեսանյութում այդ հատվածը՝ 30:03 րոպեից.










