Տիգրան Ավինյանն ուսումնասիրություններից հետո մարզպետին առաջարկել է Շուշանիկ Ոսկանյանի թեկնածությունը. Վաղարշապատի թիվ 8 դպրոցի ուսուցիչները պահանջում են նորընտիր տնօրենի հրաժարականը
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցի աշխատակիցները հանդիպում են Արմավիրի մարզպետի հետ: Նրանք չեն ցանկանում աշխատել հաստատության նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հետ և պահանջում են վերջինիս հրաժարականը:
Tert.am-ի հետ զրույցում Նժդեհի անվան համար 8 դպրոցի ուսուցիչներից մեկն ասաց՝ փոխվարչապետը առաջարկել է մեր դպրոցի տնօրենը Շուշանիկ Ոսկանյանը լինի, մարզպետը հաստատել է։ Մենք դեմ ենք, Ոսկանյանը վատ համբավ ունի։
«Մեր դպրոցի տնօրենի աշխատելու ժամանակը լրացրել էր։ Երկու հոգի թեկնածություն է դրել, մեր դպրոցի տնօրենը և Շուշանիկ Ոսկանյանը, որը ևս նախկինում ինչ-որ դպրոցի տնօրեն է եղել։ Ընտրություններն օրինական են եղել, հանգիստ, սակայն կառավարման խորհրդից մեկ հոգի բացակա է եղել»,- ներկայացրեց նա և հավելեց, որ ընտրության արդյունքում դպրոցի նախկին տնօրենը չորս ձայն է հավաքել, իսկ մյուս թեկնածուն՝ երեք։
Ուսուցիչը ներկայացրեց, որ արդյունքներն ուղարկել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ով էլ ուսումնասիրություններից հետո մարզպետին առաջարկել է երեք ձայն հավաքածի թեկնածությունը և մարզպետը ընդունել է այդ որոշումը։
«Մենք դեմ ենք։ Ոսկանյան Շուշանիկը մանկավարժ է եղել, տնօրեն է եղել, բայց վատ համբավ ունի։ Կողքի գյուղում էլ թեկնածություն է դրել, չեն ընդունել։ Այն դպրոցում, որտեղ ինը տարի աշխատել է, նրա հրաժարականը պահանջեցին։ Ուրիշ դպրոցներում էլ թեկածություն է դրել, անցել է, բայց չեն ընդունել»,- ասաց մանկավարժը։
Ուսուցիչը նշեց, որ Կառավարման խորհրդի անցկացման ժամանակ նրա ընդունմանը կողմ են եղել այն մարդիկ, ովքեր մարզպետարանից են եղել։ Նույնն էլ եղել է Նժդեհի անվան համար 8 դպրոցում․ չորս մարդ՝ ծնողներ, մանկավարժներ ընդգրկել են նախկին տնօրենին, իսկ մյուս երեքը, որոնք եկել են դրսից, ընտրել են նրան։
«Նա վատ համբավ ունի, վատ մանկավարժի անուն ունի։ Նա այնպիսի օրինակ ցույց չի տալիս, որ ինչ-որ տեղ ծաղկեցրել է։ Մենք նրա մասին վատ կարծիքներ ենք լսել, նաև փաստեր կան, որոնք վկայում են՝ այդ մարդը դպրոց ղեկավարող չէ»,- ներկայացրեց նա։
Բողոքողները մարզպետի հետ հանդիպել են ուզում, որպեսզի հասկանան՝ ինչո՞ւ է ընտրել հենց Ոսկանյան Շուշանիկին։ «Փոխվարչապետը առաջարկեց, մարզպետը՝ որոշեց, հաստատեց»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում ուսուցիչները և աշակերտները գործադուլ ու դասադուլ էին իրականացնում, իսկ դպրոցականների ծնողները փակել էին դպրոցի մուտքն ու թույլ չէին տալիս հաստատության տնօրենին ներս մտնել:
Նշենք նաև, որ դեկտեմբերի 2-ին կրթական հաստատությունում իրականացված տնօրենի ընտրության մրցույթում նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը հավաքել է 4 ձայն, իսկ Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, սակայն նշանակվել է Ոսկանյանը:










