Ըստ օդում շրջանառվող լուրերի՝ 2018-ի ԱԺ ընտրություններին ՔՊ–ին գումարներ են նվիրաբերել օլիգարխներ, որոնցից երկուսն այսօր պետական արտոնություն ունեն. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
ՀՀ 2018թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի է ունեցել կոռուպցիոն ճանապարհով անհայտ փողերի նվիրաբերում խորհրդարանական ուժերից մեկին, որն այսօր ՀՀ իշխող ուժն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
Նա նշեց, թե հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում, քանի որ բացահայտվել են ՀՀ 2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի վերաբերյալ, որը ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, այլև կարող է ունենալ պետական ռեկետի հավանական օրինակ:
«Եվ չենք կարող ասել՝ դրամահավաքի ընթացքում նվիրաբերված փողերն ադրբեջանակա՞ն ծագում ունեն, կամ մեկ այլ ոչ բարեկամ երկրի կողմից ներդրված գումարնե՞ր են, տեղական օլիգարխների՞ գումարներ են, թե՞ պարզապես գտել են, կամ ՀՀ 700,000 աղքատ մարդկանցից մեկը 100 դրամ է տվել»,- ասաց Սամսոնյանը:
Նա ներկայացրեց ՔՊ-ի՝ նախորդ տարիների դրամահավաքների ընթացքում նվիրաբերված գումարները:
«2016թ. փետրվարի 18-ին առաջին անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արել է դրամահավաք, որի ընթացքում հավաքել է 4,850,000 դրամ, երկրորդ դրամահավաքն արվել է նույն թվականի սեպտեմբերի 16-ին, որի ընթացքում նվիրաբերվել է շուրջ 4,6 մլն դրամ և կատարվել է 1,8 մլն դրամի խոստում: «ԵԼՔ» դաշինքի՝ 2017թ. տեղի ունեցած դրամահավաքին նվիրաբերվել է 15 մլն դրամ, «ԵԼՔ»-ի մյուս՝ կրկին 2017թ. կատարված դրամահավաքին հավաքվել է 5,127,000 դրամ»,- ասաց Նարեկ Սամսոնյանը, ապա նշեց, թե արդեն 2019թ. նոյեմբերի 25-ին ՔՊ-ն հավաքել է 236,000,000 դրամ:
«Իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ այս գումարները հավաքել են դրամահավաքի ճանապարհով: Այդ գումարները ներկայացվել են որպես կուսակցության անդամների կողմից նվիրաբերված գումարներ: Իրենց մեջ կան անձինք, որոնք բիզնեսմեններ են, և կարող էին այդ գումարը տալ»,- ասաց Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, թե կուսակցության անդամներից շատերը 5-ական միլիոն դրամ են նվիրաբերել, և պետք է հասկանալ՝ ովքեր են եղել այն մարդիկ, որոնք այդ անձանց գումարներ են տվել:
«Քանի դեռ չգիտենք՝ այս մարդկանց ովքեր են տվել գումարները, չենք կարող բացառել, որ այս գումարները տվել է, օրինակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կամ նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան»,- ասաց Նարեկ Սամսոնյանը, ապա նշեց, թե ըստ օդում շրջանառվող լուրերի՝ գումարները տրվել են մի քանի օլիգարխներից:
«Նրանցից երկուսին բոլորը գիտեն, ու նրանք այսօր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համարվում են խոշոր սեփականատերեր, իսկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ռեժիմի օլիգարխներ: Օլիգարխներից գումարը մեկը տվել է, որպեսզի ունենա չդատվելու հնարավորություն, մյուսը՝ որպեսզի ունենա պետական արտոնություն: Այսօր երկուսն էլ ունեն պետական արտոնություն: Երկուսից մեկն այսօր պետական տենդերներ է ստանում: Այդ մարդիկ այսօր մեծ առավելություններ ունեն: Մեկը Սամվել Ալեքսանյանն է»,-ասաց Սամսոնյանը»,- ասաց Սամսոնյանը, ապա խոսքն ուղղեց ՀՀ վարչապետին.
«Այս պետական ռեկետի մասին որքան էլ փորձեք մոռանալ, չեք մոռանալու: Քանի դեռ չկա ձեր (ՔՊ-ի) կողմից ստացված գումարների աղբյուրների բացահայտումը, ես անձամբ ունեմ հիմք՝ ենթադրելու, որ դու զբաղվել ես պետական ռեկետով»:
Նարեկ Սամսոնյանը կարևորեց նաև, որ իրեն չկապեն որևէ քաղաքական ուժի հետ: Նա նշեց, թե գործող իշխանությունների ներկայացուցիչներն իրեն մեղադրում են տարբեր քաղաքական ուժերի հարելու մեջ:
«Ի տարբերություն իրենց՝ ես ունեմ հստակ քաղաքական հետագիծ և հստակ քաղաքական պատկանելություն: Երբևէ որևէ նախկին քաղաքական իշխանության հետ՝ բացի առաջին քաղաքական իշխանության՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի, չեմ առնչվել: Այս պահից սկսած ովքեր ինձ կզրպարտեն որևէ քաղաքական ուժի հարելու մեջ, դատական կարգով վիճարկելու եմ այդ զրպարտությունները»,- ասաց Սամսոնյանը՝ նշելով, թե իրեն ավելի շատ կարելի է մեղադրել Նիկոլի, քան նախկիններից որևէ մեկի թիմից լինելու մեջ:










