ԱԺ 7-րդ գումարման երրորդ նստաշրջանն ավարտվեց. ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը
ԱԺ 7-րդ գումարման երրորդ նստաշրջանը ԱԺ նախագահը հայտարարեց փակված: ԱԺ-ն 2019 թվականն ամփոփեց՝ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելով: Նախագիծն ընդունվեց 94 կողմ և 18 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Ընդդիմադիր ֆրակցիաները դիտարկումներ արեցին օրենքի վերաբերյալ:
ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանը հայտարարեց, որ մի փոքր անհասկանալի է՝ ինչի համար է բարդացվում այս օրենքը: «Ասեմ ավելին՝ գյուղական համայնքների բնակիչները մեծամասամբ մեկնել են արտագնա աշխատանքի, մենք արհեստական խնդիր ենք ստեղծում նրանց համար, և այս բարդացումը լուրջ խնդիր կարող է լինել՝ քվորում չապահովելու տեսանկյունից: Միգուցե առաջարկեինք, որ տեղական հանրաքվեն կայացած համարվեր տվյալ համայնքի վերջին ընտրությունների մասնակիցների 50 տոկոսի մասնակցության դեպքում, որ ավելի խելամիտ լիներ: Հակառակ դեպքում՝ մենք կարող ենք ընդհանրապես չունենալ հանրաքվե տվյալ համայնքներում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է տեղական հանրաքվեն կայացած համարել, եթե հանրաքվեին մասնակցել է համայնքի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակիչների առնվազն 50 տոկոսը:
Պատգամավորը հավելեց, որ անընդունելի է լսել համայնքների կարծիքը և դա չամրագրել: «Ստացվում է, որ մենք մի կողմից լսում ենք, բայց կարևորություն չենք տալիս բնակիչների կարծիքին, սա ևս պետք է հստակեցնենք և ամրագրենք, որ հանրաքվեի արդյունքները պետք է լինեն պարտադիր»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ ուղղակի քննարկման նյութն այնպիսին է, որ շատ տարակարծություններ է առաջացնում: «Օրինակ` վերցնենք, պայմանական եմ ասում, Շատին համայնքը մասնակցել է 50 տոկոսով և դեմ են քվեարկել միավորմանը, իսկ մենք՝ որպես պատգամավորներ, լսում ենք ու ասում՝ անկախ ամեն ինչից, այդ միավորումը պետք է տեղի ունենա: Այսինքն` մենք ի՞նչ խնդիր ենք լուծում՝ այս հանրաքվեի հնարավորությունը տալով տվյալ համայնքին: Կարծում եմ, որ պետք է օրենքի ուժ ստացող նախագիծը նպատակ ունենա և կիրառվի»,- ասաց պատգամավորը:
Բագրատյանը նշեց, որ ստացվում է՝ սա օրենք է, բայց չի կիրառվելու. «Ես չգիտեմ՝ օրենքի հետ կապված նման սահմանում որևէ տեղ, որևէ երկրում կա՞, որ օրենք լինի, որ մարդիկ ինչպես ցանկանան, այդպես օրենքի հետ վարվեն: Մենք օրենք ենք ընդունում, որն ավելի շուտ սոցհարցման է նման: Եթե սոցհարցում է, եկեք այլ ինստիտուտ մշակենք, որովհետև հանրաքվեի ինստիտուտը բոլորվին այլ տրամաբանություն ունի: Հանրաքվեի արդյունքը պետք է պարտադիր ուժ ունենա»,- ասաց նա:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ շատ կարևոր է՝ համայնքի ձայնը լինի լսելի: «Մենք անընդհատ ասում ենք, որ համայնքն ասում է, համայնքն ինչպե՞ս է ասում, համայնքը կարող է ասել տեղական հանրաքվեների միջոցով: Հիմա եթե մենք ուզում ենք տեղական հանրաքվեներին տալ ինտերակտիվության ուժ, եկեք արդեն մտածենք սահմանադրական փոփոխությունների մասին, ես ինքս կուզենամ, որ տեղական հանրաքվեի արդյունքն ունենա ինտերակտիվ ուժ, բայց դա արդեն Սահմանադրությամբ լուծելի խնդիր է: Մենք այս ընթացքում չկարողացանք հաջողված խոշորացված համայնքի դեպք ներկայացնել հանրությանը, որ այդպիսի վախ չլինի»,- ասաց նա:










