Բոլոր այն խոզի գլուխները, որոնք դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխը. Նիկոլ Փաշինյան

12:58 • 19.12.19

Այսօր Կառավարության հերթական նիստին, երբ Կառավարությունը Ստեփան Սաֆարյանին ընտրեց Հանրային խորհրդի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հանրային խորհրդի ձևավորմանը և նշեց, որ ինքը հայտարարել է, որ հեղափոխությունից հետո ամեն մեկը պետք է ունենա իր շանսը, հեղափոխությունից հետո համարյա զրոյական միջամտություն է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման հարցում:

«Այդ գործառույթը պատվիրակել եմ նախկինում գոյություն ունեցող Հանրային խորհրդին և նաև հաշվի առնելով, որ այնտեղ եղել են մարդիկ, որոնք եղել են երրորդ հանրապետության ձևավորման ակունքներում և ես  պատշաճ և պատեհ չեմ համարել, որ անկախ իմ ունեցած վերաբերմունքից՝ իմ ձեռքը ընկած իշխանությունն օգտագործելով՝ մարդկանց պաշտոնանկ անել, ես հույս եմ ունեցել, որ մարդիկ կօգտվեն այդ հնարավորությունից»,– ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այդպիսի հնարավորություններ ինքը տարբեր ոլորտներում է տվել: «Հույս եմ ունեցել, որ այդ մարդիկ կօգտվեին այդ հնարավորությունից, սակայն ոմանց կողմից դա ընկալվել է որպես թուլություն, ընկալվել է որպես հին հնարավորություններ. թե  ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, ցույց կանեմ, բիզնեսի ոլորտ տուր թե չէ կասեմ, թե ինչ վատ պրոցեսներ են կատարվում, երեխուս գործի ընդունի, թե չէ սենց, նենց:

Այդ հարաբերությունները չեն կարող լինել, ինչքան էլ ասուլիս անեն, կեսից կիսվեն, չորս մասի բաժանվեն, այդ հարաբերությունը չկա նոր իշխանության հետ: Քաղաքական առևտրի էջը ՀՀ-ում փակված է, սա Կառավարություն է, ոչ թե շահերի բորսա, որտեղ առ ու ծախ պրոցես է սկսվում: Առ ու ծախով զբաղվող այն մարդիկ, որոնք շանս են ստացել և չեն հասկացել ... ասում է՝ խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվում ընկնում է ցեխի մեջ, հիմա բոլոր այն խոզի գլուխները, որոնք դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխը»:

Նա նաև նշեց, որ տարբեր մարդկանց կողմից հնչում են արձագանքներ, թե իրենց և իրենց ընտանիքի հետ կապված քրեական գործեր չհարուցեն, հակառակ դեպքում ընդդիմադիր կդառնան: «Ջհանդամը, թե չեք դառնա, անցած տարի դարձած լինեիք այս տարի ահագին ժամանակ կլիներ»,-ասաց նա: