Արայիկ Հարությունյանը չի ճանաչում հայ ժողովրդին. ՀՅԴ ՀԵՄ-ը ներկայացրեց 15 պատճառ, թե ինչու ԿԳՄՍ նախարարը պետք է հրաժարական տա

13:10 • 19.12.19

ՀՅԴ ՀԵՄ-ը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացրեց՝ պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակցիները ներկայացրին 15 փաստ, որոնք, իրենց կարծիքով, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառ են.

1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի պես կարևորագույն ոլորտները չունեն ռազմավարություն և հայեցակարգ, անհասկանալի է՝ ինչ քայլեր ու ֆինանսավորումներ է պետք սպասել այդ ոլորտներում, չկան այս ոլորտների համար մշակված քաղաքականություն և սահմանված առաջնահերթություններ,

2. Արայիկ Հարությունյանը պաշտոնավարում է՝ առանց հասարակության հետ հետադարձ կապի ապահովման, առանց այլակարծության հանդեպ հանդուրժողականության դրսևորման և հաշվետվողականության,

3. Հարությունյանն անհիմն մեղադրում, պիտակավորում և հեգնում է հասարակության անդամներին՝ ադեկվատ չարձագանքելով քննադատությանը,

4. Սպառնում է իրենից տարբեր կարծիք ունեցող քաղաքացիներին,

5. Ազգային օրակարգը համարում է հետադիմական,

6. Դիտավորյալ կամ անտեղյակության հետևանքով կեղծում է պատմական փաստերը,

7. Սպասարկում է նեղ խմբի շահեր և վարում է նեղ խմբի ճաշակներն արտացոլող քաղաքականություն,

8. ՀՀ քաղաքացիներին քաղաքական հայացքների պատճառով արգելում է խոսել,

9. Վիրավորում է իր սահմանադրական իրավունքն իրականացնող քաղաքացիներին,

10. Ստում է. խոսելով ժողովրդավարությունից՝ չի դրսևորում ժողովրդավար պահվածք,

11. Խախտում է այլոց անմեղության կանխավարկածը՝ առանց դատարանի օրինական վճռի՝ մեղադրելով հանցանքների մեջ,

12. Անհարգալից վերաբերմունք է դրսևորում և անթույլատրելի բառապաշարով է խոսում կոլեգաների և աշխատակիցների հետ,

13. Չունի ազգային մտածելակերպ,

14. Ունի ընդգծված հեգնական վերաբերմունք հայ առաքելական եկեղեցու նկատմամբ,

15. Չի ճանաչում հայ ժողովրդին:

Նրանք նշեցին, թե իրենց պահանջների կատարման համար ծավալելու են աննահանջ պայքար: