«ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր տարածքային հարցերն արդեն լուծվել են, Գորբաչովի գործունեությանն իրավական գնահատական տալու անհրաժեշտություն չկա». Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսը (թարմացված)
16:08 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան մեծ ասուլիսի ընթացքում պատասխանել է գերմանացի լրագրողի հարցին՝ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության վերաբերյալ:
«Գերմանացիներն ասում են, որ տեղի ունեցածի առնչությամբ արժանահավատ տեղեկատվություն չեն ստացել Մոսկվայից: Ռուսաստանը հակառակն է պնդում: Ո՞վ է իրավացի»,-հարցրել է լրագրողը:
Պուտինը պատասխանել է, որ երկուսն էլ ճիշտ են:
«Ռուսաստանը պաշտոնական հարցում չի ուղարկել Գերմանիային՝ ավելի ուշ սպանված գրոհայինի արտահանձնման վերաբերյալ՝ դա համարելով անիմաստ: Շփումները տեղի են ունեցել հատուկ ծառայությունների մակարդակով»,-նշել է ՌԴ նախագահը:
Պուտինը հիշեցրել է, որ Բեռլինում սպանված գրոհայինն անձամբ 98 մարդու է կյանքից զրկել: Նա ընդգծել է, որ տղամարդուն սպանել են Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում, այսինքն՝ գրոհայինը հանգիստ զբոսնել է եվրոպական քաղաքով:
Վրաստանի 40-ամյա քաղաքացին սպանվել է օգոստոսի 23-ին: Նույն օրը Բեռլինի դատախազությունը հայտնել է կասկածյալի ձերբակալման մասին, որը, ըստ դատախազության, ՌԴ 49-ամյա քաղաքացի է: Վրաստանի քաղաքացու սպանության գործի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով Գերմանիայից երկու ռուս դիվանագետ է արտաքսվել:
15:48 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի գործունեությանն իրավական գնահատական տալու անհրաժեշտություն չկա, միասնական պետության փլուզումից հետո բոլոր տարածքային հարցերն արդեն լուծվել են, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ինչ վերաբերում է Գորբաչովի կամ այլ անձանց գործողություններին իրավական գնահատական տալուն, ապա չեմ հասկանում՝ ի՞նչ այն կտա տարածքային ամբողջականության տեսանկյունից: Այստեղ բոլոր հարցերն արդեն լուծված են, բոլոր փաստաթղթերը ստորագրված են: Ինչո՞վ իրենց այդ գործողություններին կօգնի իրավական գնահատականը: Չեմ հասկանում»,- ասել է Պուտինն այսօր տված մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:
14:27 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ավանդական դարձած տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հարցով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեկվա քվեարկությանը:
Հայտնի է, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս դեմոկրատների, քվեարկել է Թրամփի պաշտոնանկության օգտին: Քվեարկությունը տեղի է ունեցել երկու հոդվածով՝ լիազորությունների չարաշահում և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում:
Պուտինն ընդգծել է, որ այս հարցով հաջորդ քվեարկությունը, որը կայանալու է արդեն Սենատում, դժվար թե նույն ելքն ունենա, քանի որ Կոնգրեսի վերին պալատը վերահսկվում է Թրամփի կուսակիցների կողմից:
«Դժվար թե հանրապետականները ցանկանան իրենց կուսակցին զրկել նման պաշտոնից»,-ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Թրամփի պաշտոնանկության գործընթացը, ըստ իրեն, ընթանում է «ինչ-որ մտացածին պատճառներով»:
14:12 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ավանդական դարձած տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է որևէ բնութագիր տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
«Առհասարակ, ոչ կոռեկտ եմ համարում իմ գործընկերներին, այդ թվում՝ Զելենսկիին, որևէ բնութագիր տալը, քանի որ եթե մարդիկ հասել են այդ պաշտոնին, ուրեմն շարքային մարդ չեն»,-ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ հրաժարվում է բնութագրել ոչ միայն գործող, այլև նախկին ղեկավարներին, քանի որ դա ճիշտ չի համարում:
Բացի այդ, Պուտինն ասել է, որ Զելենսկիի հետ ապրիլին հնարավոր հանդիպումն ակտուալ կլինի, եթե դրական փոփոխություններ լինեն:
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահի՝ մինսկյան համաձայնագրերի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությանը, Պուտինն ասել է, որ վերանայման դեպքում, ամեն ինչ փակուղու առաջ կկանգնի:
13: 09 Դեկտեմբերի 19-ին մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի արդեն ավանդական դարձած տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը, որն անցկացվում է Միջազգային առևտրի պալատում:
Ինչպես նշում է kp.ru-ն, սա ՌԴ նախագահի 15-րդ մեծ ասուլիսն է, որին հավատարմագրվել է մոտ 1900 լրագրող, որոնցից յուրաքանչյուրն իր հարցն է նախապատրաստել նախագահի համար:
Պուտինի նախորդ մեծ ասուլիսը կայացել էր 2018թ. դեկտեմբերի 20-ին՝ տևելով 3 ժամ 43 րոպե: Այդ ընթացքում ՌԴ նախագահը հասցրել էր ավելի քան 50 լրագրողի հարցերի պատասխանել:
Հայտնի է, որ Պուտինի տարեվերջյան ասուլիսը որոշ ընդմիջումներով անցկացվում է 2001թ. ի վեր: Դրանցից ամենակարճը եղել է առաջինը՝ 1 ժամ 35 րոպե (2008թ.), իսկ ամենաերկարը՝ 4 ժամ 40 րոպե (2008թ.):










