«Բեռլինում սպանված գրոհայինն անձամբ 98 մարդու է զրկել կյանքից». Պուտինը պատասխանել է Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացուն վերաբերող հարցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան մեծ ասուլիսի ընթացքում պատասխանել է գերմանացի լրագրողի հարցին՝ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Գերմանացիներն ասում են, որ տեղի ունեցածի առնչությամբ արժանահավատ տեղեկատվություն չեն ստացել Մոսկվայից: Ռուսաստանը հակառակն է պնդում: Ո՞վ է իրավացի»,-հարցրել է լրագրողը:
Պուտինը պատասխանել է, որ երկուսն էլ ճիշտ են:
«Ռուսաստանը պաշտոնական հարցում չի ուղարկել Գերմանիային՝ ավելի ուշ սպանված գրոհայինի արտահանձնման վերաբերյալ՝ դա համարելով անիմաստ: Շփումները տեղի են ունեցել հատուկ ծառայությունների մակարդակով»,-նշել է ՌԴ նախագահը:
Պուտինը հիշեցրել է, որ Բեռլինում սպանված գրոհայինն անձամբ 98 մարդու է կյանքից զրկել: Նա ընդգծել է, որ տղամարդուն սպանել են Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում, այսինքն՝ գրոհայինը հանգիստ զբոսնել է եվրոպական քաղաքով:
Վրաստանի 40-ամյա քաղաքացին սպանվել է օգոստոսի 23-ին: Նույն օրը Բեռլինի դատախազությունը հայտնել է կասկածյալի ձերբակալման մասին, որը, ըստ դատախազության, ՌԴ 49-ամյա քաղաքացի է: Վրաստանի քաղաքացու սպանության գործի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով Գերմանիայից երկու ռուս դիվանագետ է արտաքսվել:










