Փաշինյանը ժամանակին սուր դատապարտում էր մամուլի հանդեպ վերահսկողության փորձերը, հիմա նույնը տեղի է ունենում իր իշխանության օրոք. Սաթիկ Սեյրանյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժման մասին

14:45 • 19.12.19

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը դիտարկում եմ այս ժամանակահատվածում «սևեր»-«սպիտակներ», մերոնքական-ձերոնքական, ֆեյք-իրական բաժանման շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

«Բարձրաստիճան պաշտոնյաներից, վարչապետից սկսած՝ հաթաթաներ, դասեր են տալիս մամուլին, և որն անդրադառնում է մամուլի աշխատակցի աշխատանքի վրա: Նման դեպքերը կարող են շատանալ»,-ասաց Սեյրանյանը:

Նա հիշեցրեց Yerevan.Today-ում խուզարկությունն ու«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը:

«Այս դեպքերի պարագայում էլ մենք վերջնական տեղեկատվություն չունեցանք՝ ինչ հայտնաբերեցին: Չգիտենք՝ ինչպես կզարգանան դեպքերն այս պարագայում: Հույս ունեմ, որ կբացահայտվի, և մամուլի աշխատողներն ինչ-որ իմաստով կձգվեն ու կհասկանան, որ եթե մի լրագրողի, լրատվամիջոցի դեմ նման բան է կատարվում, նշանակում է՝ այն ուղղված է ամբողջ դաշտի դեմ, և բոլորս պետք է զգոն լինենք»,-ասաց Ժուռնալիստների միության նախագահը, ապա անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքերը չեն բացահայտվել:

«Չբացահայտվեցին, որովհետև կարծում եմ, որ այդ դեպքերը խրախուսվում են իշխանությունների կողմից: Միգուցե ինչ-որ մարդիկ փորձում են լավամարդ լինել, դրանով իրենց նվիրվածությունը ապացուցել իշխանություններին, սա՝ «Հայելի»-ի դեպքում: Հայաստանում անկախացումից ի վեր՝ և Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի օրոք իշխանությունը ցանկանում է վերահսկել մամուլը, ամեն մեկը՝ իր ձևով»,-ասաց Սեյրանյանը, ապա հավելեց.

«Ուղղակի մեր խնդիրն այն է, որ մեր գործընկերը, որը ժամանակին շատ սուր, կոշտ հայտարարություններով  դատապարտում էր այդ ամենը, հիմա նույն բաները տեղի են ունենում իր իշխանության ժամանակ»: