Ստամբուլում տեղադրվել է 1918 թվականի Բաքվում հայերի ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ Խան Ջևանշիրի հուշատախտակը
Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար, 1918 թվականին Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչ Բեհբուդ Խան Ջևանշիրի հուշատախտակի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Բացման արարողությանը ներկա են գտնվել Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Մեսիմ Հաջիևը, Բեյօղլու թաղամասի համայնքապետ Հայդար Ալի Յըլդըզը և Ստամբուլի փոխնահանգապետ Համդի Ուսթան:
Հուշատախտակը տեղադրվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հենց այն վայրում, որտեղ 1921 թվականի հուլիսի 18-ին հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը «Նեմեսիս» գործողության շրջանակում գնդակահարեց Ջևանշիրին: Հատկանշական է, որ հուշատախտակի վրա նույնպես հիշատակված է այս փաստը:
Նշվում է, որ հուշատախտակը կանգնեցվել է Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության, Ստամբուլի քաղաքապետարանի և Թուրքիայի արտգործնախարարության օժանդակությամբ:










