Ռոհանին ամերիկյան պատժամիջոցներն անվանել է «տնտեսական ահաբեկչություն»
Ահաբեկչությանը հակազդող երկրները պետք է պայքարեն նաև ամերիկյան տնտեսական ահաբեկչության դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ, գրում է ria.ru-ն։
«Ամերիկյան պատժամիջոցները տնտեսական ահաբեկչության տեսակ են։ Այն երկրները, որոնք հակազդում են ահաբեկչությանը, պետք է պայքարեն նաև ԱՄՆ-ի նման գործողությունների դեմ»,- ասել է Ռոհանին։
Իրանի նախագահն անդրադարձել է նաև միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակին, որից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ: Իրանի նախագահի խոսքով՝ միջազգային պայմանավորվածությունից ԱՄՆ-ի դուրս գալը սպառնալիք է ստեղծում միջազգային անվտանգության և խաղաղության համար:
Ռոհանին նշել է, որ Թեհրանը բոլոր ջանքերը գործադրում է գործարքը պահպանելու համար, սակայն համաձայնագրի կողմերից ակնկալում է պայմանավորվածության շրջանակներում պարտավորությունների իրենց մասի իրականացում:
«Համոզված ենք, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը արդյունավետ օրինակ է, որը կարող է հանգեցնել բոլոր երկրների միջև խաղաղության և բարեկամության»,- ասել է Ռոհանին՝ ընդգծելով, որ Իրանը բաց է միջուկային գործարքի շուրջ երկխոսությունների համար։
2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության: Ընդունվել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել էր Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:
Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:










