«Երևան Սիթի»-ում՝ մենեջերի աշխատասենյակում ոստիկանություն կանչելու սպառնալիքի ժամանակ մահացած քաղաքացին նախկինում դատված է եղել, ազատվել է 2018-ին' համաներումով. մանրամասներ դեպքից
Մաշտոցի պողոտայում տեղակայված Երևան Սիթի սուպերմարկետում երեկ դի էր հայտնաբերվել: Tert.am-ի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Լևոն Ռոլիկի Բադալյանն է: Ըստ պաշտոնական տեղեկության՝ նա 26-ամյա Դալար Ա.-ի սայլակի միջից գողացել է նրան պատկանող պայուսակը, ինչը նկատել են անվտանգության աշխատակիցները, այնուհետև նրան հրավիրել են մենեջերի աշխատասենյակ:
Tert.am-ի տեղեկություններով՝ մենեջերը Լևոն Բադալյանին հայտնել է, որ ոստիկանություն են հրավիրելու: Քաղաքացին խնդրել է չդիմել ոստիկանություն: Դեպքի մասին ահազանգել են ոստիկանություն, և այդ ընթացքում տղամարդը հանկարծամահ է եղել:
Tert.am-ի տեղեկություններով՝ Լևոն Ռոլիկի Բադալյանը նախկինում դատապարտված է եղել, մեկ դատվածություն մարվել է:
Մասնավորապես Լևոն Բադալյանը 2012-ին դեկտեմբերին մեղադրվել է իր անձնական օգտագործման համար 18.25 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար: Նրան դատաքննության փուլում մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 268 հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով, որի պատժաչափը նախատեսել է ազատազրկում առավելագույնը երեք տարի ժամկետով:
Այսինքն, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22–րդ տարեդարձի կապակցությամբ համաներումով նրա խափանման միջոց կալանավորումը փոխվել է, նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Սակայն, համաներումով ազատ արձակված Լևոն Բադալյանին 2016 թվականի դեկտեմբերին մեղադրանք է առաջադրվել՝ Երևան քաղաքի Աճեմյան փողոցի տներից մեկում դանակով բնակչին հարվածներ հասցնելու համար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Լևոն Ռոլիկի Բադալյանին մեղավոր ճանաչվել և 2017-ին դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով։
Լևոն Բադալյանը, սակայն, 2018-ի համաներումով ևս ազատ էր արձակվել:










