20 տարվա ընթացքում ՀՀ–ում աշակերտների թիվը պակասել է 233,000–ով. դպրոցների օպտիմալացումը պետք է կտրուկ դադարեցնել. Արամ Մանուկյան

15:16 • 20.12.19

Քսան տարի առաջ Հայաստանն ուներ 603,000 աշակերտ, հիմա 370,000 աշակերտ 12 դասարանի հաշվարկով (233,000-ով պակաս), այսինքն, եթե հինգ տարեկաններին և 11, 12-րդ դասարանները հանում ենք, ստացվում է ուղիղ 300,000 աշակերտ: Այս մասին այսօր ԱԺ  նիստերի դահլիճում տեղի ունեցող «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկմանը ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Ուսուցչների թիվը 62,000 էր 20 տարի առաջ, անցած տարի գրանցվել է 31,200 ուսուցիչ, շրջանավարտների թիվը 58,000-ից իջել է 25,000: Հայաստանում 1000 բնակչին ծնելիության առումով բաժին էր ընկնում 24 երեխա, հիմա ծնվում է 12 երեխա: Հայաստանում ծնելիության ամենաբարձր թիվը եղել է 81,000, հիմա այն իջել է շուրջ 40,000-ի: Դպրոցների վիճակը, շատ մեղմ ասած, տխուր է. Հայաստանում մինչև 100 աշակերտ ունեցող համայնքների թիվը կազմում է 29%` մոտ 380 դպրոց:

Մենք ունենք 1400 դպրոց, դրանցից 250-ում կան դասարաններ, որոնք ունեն մինչև 5 աշակերտ, մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցների թիվը կազմում է 37%: Ամուսնությունների թիվը, թեկուզ կա որոշակի աճ, կազմում է 15,000, որից տարեկան 3500-n ամուսնալուծվում են և սա այն աղբյուրն է, որը պետք է սնի հանրակրթությունը, իսկ Հայաստանում մահվան ցուցանիշը 27,000 է, այսինքն՝ աճ բացառապես չկա»,-ասաց նա:

Արամ Մանուկյանը կարևորեց դպրոցում իրականացվող բարեփոխումները, սակայն նշեց, որ իրավունք չունենք չխոսել հիմնական ռազմավարական դեմոգրաֆիկ մարտահրավերի մասին: Նա մեկ այլ ծանր խնդիր համարեց գյուղական դպրոցների խնդիրը և նշեց, թե փաստ է, որ քաղաքը կլանում է գյուղական դպրոցները: «Աշակերտների միջին թիվը գյուղերում կազմում է 150, քաղաքում 450, երբ դպրոցների 60%-ը գյուղերում են»,-ասաց նա:

Արամ մանուկյանը գյուղերում ստրատեգիական խնդիր համարեց ուսուցիչների կրճատումը և տղամարդ ուսուցիչների վերացումը և հայտնեց, որ գյուղերում 31,200 ուսուցիչներից ունենք ընդամենը 4000 տղամարդ ուսուցիչ: Արամ Մանուկյանը հայտնեց, որ այս իշխանություններից առաջ 1400 դպրոցներից 1100-ի տնօրենները Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ էին, 100` «Բարգավաճ Հայաստան»–ի: Նա առաջարկեց օրենքով պարտադրել, որ ուսուցիչներն ընդհանրապես դուրս գան տեղամասերում հանձնաժողովներ ձևավորելու գործընթացից, ապա ավելացրեց, որ ուսուցիչներին պետք չէ կուսակցական ճնշումների ենթարկել։

Խոսելով արհմիությունների գործունեության մասին՝ նա նշեց, որ 31,000 ուսուցիչ կրճատվել է  անարդարացիորեն օրենքի խախտումներով, և եթե ունենայինք արհմիութենական հզոր կառույցներ, գոնե մեկ երրորդը կպաշտպաներ իրենց աշխատանքը:

«Տղամարդ ուսուցիչների հոսքը դեպի դպրոցներ պետք է խրախուսվի, երաշխավորվի բարձր աշխատավարձով: Պետք է կտրուկ դադարեցնել օպտիմալացումը դպրոցների, արգելել դպրոցների փակվելը: Որևէ գյուղ, որտեղ դպրոցը փակվում է, այդ համայնքը ոչնչանում է և բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ եթե դպրոցում 3, 13 աշակերտ է, ապա պետք է դպրոցը փակել, ապա իմացեք, որ դա վճիռ է` համայնքը փակելու»,-ասաց նա:

Թվարկված խնդիրները լուծելու համար, ըստ նրա, հարկավոր է հաղթահարել աղքատությունը: «Ուզես, թե չուզես աղքատության մեծ մասը դպրոցում է, և երեխան, երբ աղքատ է, սոված է նրան որակյալ ռեֆորմներով կրթություն չես կարող տա։ Երեսուն տարվա ընթացքում տղա երեխաների քանակը` 5-19 տարեկանների, պակասել է 170 հազարով: Ամենադժվար, ամենաքաղաքական խնդիրը խաղաղության հաստատումն է, այս տղա երեխաների մեծ մասը բանակից խուսափելու պատճառով է լքում Հայաստանը»,-ասաց նա։