Լոնդոնում Ասանժի կողմնակիցները շրջափակել են դատարանը, որտեղ պետք է տեղի ունենա նրա մասնակցությամբ նիստը
Սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմնակիցները կրկին շրջափակել են Վեսթմինսթերյան դատարանը, որտեղ պետք է Ասանժի մասնակցությամբ դատական նիստ տեղի ունենա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ասանժի 30-ից ավելի կողմնակիցներ եկել են դատարանի շենքի մոտ և գլխավոր մուտքի մոտ պարզել են պաստառներ՝ Ասանժին ազատ արձակելու կոչերով: Դատարանի շենքի հակառակ կողմում նույնպես հերթապահում են կողմնակիցներն ու լրագրողները, որոնք սպասում են Ասանժի ժամանմանը:
Սպասվում է, որ Ասանժն անձամբ ներկա կլինի դահլիճում՝ որպես տուժող՝ ԱՄՆ-ի հետախուզության համար լրտեսության գործով, որը կատարել է Լոնդոնի անվտանգության ընկերություններից մեկն Էկվադորի դեսպանատանը:
Ավելի վաղ Իսպանիայում Ասանժի գործով փաստաբան Աիտոր Մարտինեսը տեղեկացրել էր, որ Իսպանիայի ազգային պալատի դատավորը կժամանի Վեսթմինսթերյան դատարան, որպեսզի տեղեկություններ ստանա Ասանժից որպես տուժող:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ իսպանացի դատավորը ցանկանում է Undercover Global թիկնապահական ընկերության կողմից Էկվադորի դեսպանատանը կատարված գաղտնալսումների գործով հարցաքննել Ասանժին՝ որպես վկա, սակայն բրիտանական կողմը մերժել է այդ պահանջը:
Հիշեցնենք, որ 2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:
2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել:










