Ադրբեջանում լիազորությունների չարաշահման և կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են ՏԻՄ մի շարք ղեկավարներ
Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 19-ի երեկոյան տեղեկացրել է, որ ձերբակալվել են Աղստաֆայի (Աղստև) շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամեդդին Գուլիևը, նրա տեղակալ Ռամիզ Տատարովը, ինչպես նաև Եվլախ քաղաքի նախկին քաղաքապետ Գոջա Սամեդովը: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:
Ըստ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության տեղեկատվության՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ստուգումներից հետո, որոնք կատարվել են ստացված տեղեկությունների հիման վրա: Ըստ այդ տեղեկությունների՝ պաշտոնատար անձինք ապօրինի գործողություններ են թույլ տվել, որոնք խախտել են քաղաքացիների իրավունքները, պաշտոնյաները գործել են պետության շահերի դեմ և վարկաբեկել են պետական մարմինների գործունեությունը:
Հավաքված նյութերի հիման վրա պաշտոնական լիազորությունների չարաշահման գործով կասկածյալ է դարձել Աղստաֆայի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամեդդին Գուլիևը:
Ազգային անվտանգության ծառայության տվյալներով՝ Գուլիևն իր տեղակալ Ռամիզ Տատարովի միջոցով 2019 թվականի մայիսից տարբեր պատրվակներով գումար է շորթել գործադիր իշխանության պաշտոնատար անձանցից և ձեռնարկատերերից: Նրանց մեղադրանք է առաջադրվել նաև բյուջետային միջոցների յուրացման համար:
Ձերբակալվել է նաև Եվլախի գործադիր իշխանության ղեկավար Գոջա Սամեդովը: Նա նույնպես կասկածվում է հասարակական աշխատանքների համար տրամադրված 236 000 մանաթի (138 000 դոլար) յուրացման համար: Բացի այդ, նա կասկածվում է 2017-2019 թվականների ընթացքում տարբեր ընկերությունների շինարարական աշխատանքների համար տրամադրված 616 000 մանաթ (362 000 դոլար) գումարի յուրացման համար:
Բոլոր ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ:










