Նիկոլ Փաշինյանի՝ ծառայողների ավտոմեքենաների կրճատման մասին ռեֆորմի խոստումը համարում եմ չիրականացված և կեղծ. Վահան Բաբայան (տեսանյութ)

13:01 • 20.12.19

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցանիշներին, ըստ որի՝ Հայաստանում ռեկորդային ցուցանիշներով կրճատվել են ծառայողական մեքենաները:

«Իմ ձեռքի տակ կա մի փաստաթուղթ, որում նշված է, որ 48 մեքենա նախատեսված է ԱԺ սպասարկման համար, և մեծ մասը «Տոյոտա Քեմրիներ» են, և հարց է առաջանում, թե 30 ավտոմեքենան հարկատուների հաշվին ում է սպասարկում Ազգային ժողովում»,-ասաց նա:

Վահան Բաբայանը նշեց, որ Պետական եկամուտների կոմիտեն ունի մոտավորապես 160  ծառայողական մեքենա: «Հիմա նույն լոգիկայով եթե շարժվենք, ապա վարչապետը նախկինում ասում էր, թե ինչ են անում այդ վարչության պետերը, ժողովրդի փողերով ծառայողական պադավատներով են շրջում: Հիմա հարց. ՊԵԿ-ի ծառայողների և ավտոմեքենաների թիվն ինչու է այդքան շատ: Կառավարությունում մենակ վարչապետի աշխատակազմում գրանցված է 55 ծառայողական ավտոմեքենա, դա այն դեպքում, երբ վարչապետն ընդդիմադիր եղած ժամանակ հայտարարում էր, որ ՀՀ-ում պետք է լինի մաքսիմում 30-35 ծառայողական մեքենա»,-ասաց նա և նշեց, որ դրանց մեծ մասը նոր ձեռք բերված են:

«Ամենազավեշտալին նախագահի աշխատակազմի ծառայողական մեքենաներն են: Արմեն Սարգսյանը, որ պաշտոնական այցով շատ անգամ վերադառնում է Հայաստան և բացի թուղթ ստորագրելուց և երկրներ գնալուց, չգիտենք՝ ինչ գործառույթով է զբաղված, նրա աշխատակազմին սպասարկում է 20 ավտոմեքենա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե 440 ավտոմեքենա կրճատվել է, Վահան Բաբայանը նշեց, որ տարբեր կառույցներ օպտիմալացվել են, և մենք չգիտենք, թե որ մեքենաներն են կրճատվել: «Այդ կրճատված մեքենաների թիվը հրապարակելը մեզ որևէ բան չի ասում, հասարակությունը պետք է իմանա` ինչ մեքենաներ են օտարվել, վաճառվել, ովքեր են դրանց տերերը»,-ասաց նա և նշեց, որ եթե դրանք հնացած մեքենաներ են, դրանց մասին խոսելը զավեշտալի է:

«Աննախադեպ կլիներ այն դեպքում, երբ վարչապետը իր խոստումը կատարեր: Հետևաբար Նիկոլ Փաշինյանի՝ ծառայողների ավտոմեքենաների կրճատման մասին ռեֆորմի խոստումը համարում եմ չիրականացված և կեղծ»,-ասաց նա: