ՔԿՀ պահպանության 2 աշխատակից բռնվել է ՔԿՀ թմրամիջոց տանելու համար. ՔԿԾ պետ Արթուր Գոյունյան
Քիչ առաջ զեկուցվել է այն մասին, որ 12 քրեակատարողական հիմնարկներից երկուսում ԱԱԾ-ի հետ կատարած ստուգումների արդյունքում երկու աշխատակից է բռնվել թմրամիջոց հիմնարկ տանելու պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը:
«Մեկը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի աշխատակից է եղել, որը քրեակատարողական հիմնարկ մեծ քանակությամբ թմրամիջոց է տարել` «Լիրիկա» տեսակի 19 դեղահաբեր, 4 գրամ «Սուբուտեքսի» փշրանք, մոտ 200 գրամ «Մարիխուաննա»,- ասաց նա:
Արթուր Գոյունյանը նշեց, որ պահպանության բաժնի աշխատակիցը թմրամիջոցները ներս է բերել կալանավորներին փոխանցելու նպատակով և բռնվել է դեպքի վայրում:
ՔԿԾ պետը ներկայացրեց, որ մյուս դեպքը տեղի է ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ ԱԱԾ-ի հետ համատեղ միջոցառում իրականացնելուց հետո պարզվել է, որ անվտանգության ապահովման աշխատակիցը «Սուբուտեքս» տեսակի երկու հոգեմետ դեղահաբ է փորձել կալանավայր մտցնել և տեղում բռնվել է:
«Բացի այդ, այս գիշեր ինձ զանգել և զեկուցել են, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում ներնետման չհաջողված փորձ: Նորից մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել: Զննության գործընթաց է տեղի ունենում և հանրային կապերի բաժինը սպառիչ տեղեկատվություն կտրամադրի»,- ասաց նա:










