Գամսախուրդիայի որդուն, որը երեկ Թբիլիսիի կենտրոնում անհայտ անձանց կողմից վիրավորվել էր, վիրահատել են, նրա վիճակը ծանր է

15:19 • 20.12.19

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն՝  Ցոտնե Գամսախուրդիային, որը երեկ վիրավորվել էր իր տան մոտակայքում, վիրահատել են: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Վիրահատվածի եղբայրը`Կոնստանտին Գամսախուրդիան, տեղեկացրել է, որ ավարտվել է եղբոր երկրորդ վիրահատությունը, սակայն նրա վիճակը ծանր է:

«Վիրահատությունն ավարտվել է: Պարոն Արչիլը (բժիշկը) ասել է, որ վիրահատության հաջող անցնելը դեռ ոչինչ չի նշանակում: Վիճակը ծանր է: Չգիտենք, թե երբ ինչ խնդիրներ կառաջանան, քանի որ առկա են կյանքի համար վտանգավոր բազմաթիվ վնասվածքներ: Հաջորդ մի քանի օրերը վճռորոշ կլինեն»,-նշել է տուժածի եղբայրը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թբիլիսիի կենտրոնական թաղամասում անհայտ անձինք վիրավորել են Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն: Քրեական գործ է հարուցվել «կանխամտածված սպանության փորձ» հոդվածով, որով նախատեսվում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում: