Կառավարությունն առաջարկում է 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի. անցողիկ նվազագույն շեմն իջեցնել, մանդատները բաժանել նվազագույնը 4 ուժի

12:31 • 20.12.19

Ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվում է 4 000-ից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող  բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Ընտրական օրենսգրքում և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Նախագծում ամրագրված են համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության կառուցակարգերը, այն է՝ համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու մեխանիզմները:

«Երբ համայնքի ղեկավարը առաջադրվում է ավագանու կողմից, ներկայացնում է կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, նա առաջնորդվում է ոչ թե անհատի կարծիքով, տեսակետով, այլ քաղաքական թիմի, որը ենթադրաբար առավել ծանրակշիռ և հանրայնորեն ընդունելի է: Օրենսդրական մակարդակով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն քաղաքական ներգրավվածություն և ուժերի հարաբերակցություն»,- ասվում է նախագծում:

4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ղեկավարների համար կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության ինստիտուտը: Համայնքի ավագանին կկարողանա անվստահություն հայտնել ղեկավարին:

Հիշեցնենք, որ 2016 թ. մայիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվել էին համայնքի ավագանու երկու տարբեր ընտրակարգեր: Համամասնական ընտրակարգ, որը վերաբերում է միայն Երևան քաղաքի և Գյումրի, Վանաձոր համայնքների ավագանիներին, և մեծամասնական ընտրակարգ, որը վերաբերում է ՀՀ մնացած բոլոր համայնքներին:

Երևանի բնակչությունը 1 մլն 60 հազար մարդ է, Գյումրու բնակչություն՝ 118 հազար 600 մարդ և Վանաձորինը՝ 78 հազար 400 մարդ: Ներկայացված նախագծով առաջարկվում է համամասնական, այսինքն՝ ձայնը ոչ թե անձին, այլ քաղաքական ուժին տալու ընտրակարգով ընտրություններ անցկացնել 4000 և ավելի համայնքներում:

Նաև առաջարկվում է նվազեցնել կուսակցությունների անցողիկ շեմերը: Նախագծում ասվում է՝ մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 3 տոկոս գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 5 տոկոս գործող 8-ի փոխարեն: Եթե նշված տոկոսների չափով կողմ քվեաթերթիկներ ստացել են 4-ից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 4 քաղաքական ուժ (եթե ընտրությանը մասնակցել է 4 կուսակցություն կամ դաշինք):

«Առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը: Անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններին քաղաքական կոալիցիա կազմելու և համայնքի ղեկավարի միասնական թեկնածու առաջադրելու հնարավորություն կտրվի»,- նշված է օրենքի փոփոխության նախագծում:

Համայնքների ավագանին բաղկացած է լինելու՝

1) հինգ անդամից` մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքում

2) յոթ անդամից` 1 000-ից մինչև 2 000 ընտրող ունեցող համայնքում

3) ինն անդամից՝ 2000-ից 4000 ընտրող ունեցող համայնքներում

4) տասնհինգ անդամից` 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքում (գործող 9-ի և 11-ի փոխարեն)

5) քսանմեկ անդամից` 10 000-ից մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքում (գործող 15-ի փոխարեն)

6) երեսուներեք անդամից` 25 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում  (գործող 15-ի փոխարեն, բացառությամբ Գյումրու և Վանաձորի, որտեղ ավագանու անդամների թիվը  33  է)

7) 65 անդամից՝ Երևան քաղաքում: