Ժիրինովսկին դատապարտել է կոմունիստներին՝ Ստալինի գերեզմանին ծաղիկներ դնելու ցանկության համար

18:11 • 20.12.19

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հրեշային է համարել կոմունիստների՝  Ստալինի գերեզմանին ծաղիկներ դնելու ցանկությունը և հույս է հայտնել, որ նրա անունը Ռուսաստանի պատմության մեջ կգրվի միայն «սև ներկով»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: 

«Այս օրերին կոմունիստները ծաղիկներ են դնելու Ստալինի գերեզմանին, և դա հրեշային է: Ամենասարսափելի հանցագործությունները տեղի են ունեցել ստալինյան ռեժիմի ժամանակ: Քաղաքական ռեժիմի զոհեր տարբեր երկրներում են եղել, բայց այդչափ ու այդ մասշտաբի ոչ մի տեղ չի եղել: Միլիոնավոր մարդիկ են ոչնչացվել խաղաղ ժամանակ»,- գրել է Ժիրինովսկին իր Telegram-ի ալիքում:

«Դա հրեշավոր է, որ կոմունիստները վաղը ծաղկեպսակ են տանելու Ստալինի ծննդյան օրվա կապակցությամբ, իսկ ապրիլի 22-ին կտանեն Լենինին: Կգա օր, և Կարմիր հրապարակը կմաքրվի գերեզմաններից: Մի՞թե այսօրվա կոմունիստներին հաճելի է, երբ այնտեղ պարեր են, հոկեյ, ֆուտբոլ, առևտուր, համերգներ, իսկ կողքին՝ գերեզմաններ»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Ժիրինովսկին նշել է նաև, որ Ռուսաստանում ավելի սարսափելի ժամանակահատված չի եղել, քան ստալինյան ժամանակաշրջանը:

 

Могила Иосифа Сталина