Ղազախստանը ծրագրում է ամբողջովին չեղարկել մահապատիժը
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ-Տոկաևը հայտարարել է, որ երկիրը ծրագրում է ամբողջովին չեղարկել մահապատիժը և կմիանա Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի Երկրորդ հավելյալ արձանագրությանը, որն ուղղված է մահապատժի վերացմանը: Այս մասին տեղեկացնում է rus.ozodi.org կայքը:
«Եկել է ժամանակը լուծելու այն հարցերը, որոնք ակտիվորեն բարձրացվում էին մեր իրավապաշտպանների կողմից: Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվում է սկսել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի Երկրորդ հավելյալ արձանագրությանը միանալու գործընթաց»,-հայտարարել է Տոկաևը դեկտեմբերի 20-ին կայացած Հանրային վստահության ազգային խորհրդի նիստին:
Ղազախստանում 2003 թվականից մորատորիում է գործում մահապատիժ կիրառելու հարցում, ներկայում Ղազախստանում բարձրագույն պատիժը ցմահ ազատազրկումն է: Սակայն մահապատիժն օրենքից դուրս չէ և կարող է կիրառվել մորատորիումի չեղարկումից մեկ տարի անց:










