Հայտնի է դարձել Մոսկվայում հրաձգություն կատարած անձի ինքնությունը. ԶԼՄ-ներ

04:53 • 20.12.19

Հայտնի է դարձել Մոսկվայի կենտրոնական Բոլշայա Լուբյանկա փողոցում հրաձգություն կատարած անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հղում անելով РЕН ТВ-ին, դա կատարել է Մոսկովյան շրջանի 39-ամյա բնակիչ Եվգենի Մանյուրովը:

Աղբյուրը հայտնում է, որ Մանյուրովը նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն 2015 թվականին նրա խորհրդատվական ընկերությունը լուծարվել է: Նշվում է, որ նա նաև զբաղվել է հրաձգություն մարզաձևով և նույնիսկ որոշ մրցաշարերում մրցանակային տեղեր է զբաղեցրել: Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:

Հիշեցնենք, որ հրաձգության հետևանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մեկ աշխատակից է զոհվել, ևս 5 մարդ, այդ թվում մեկ քաղաքացի, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշվում է նաև, որ դաշնային անվտանգության ևս երկու աշխատակից ծանր վնասվածքներ են ստացել: