Կրթական համակարգում այսօր չկա համակարգային կոռուպցիա, կրթական բարեփոխումներում ազգային բաղադրիչն ամենաշատն է կարևորվում. նախարար
Կրթական համակարգում ունեինք և ունենք լրջագույն խնդիրներ` սկսած բարոյահոգեբանական վիճակից վերջացրած ենթակառուցվածքներով: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող քննարկմանը` «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով, ասաց կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա կարևորեց կրթության ոլորտի ապաքաղաքականացումը և նշեց, որ որևէ դեպք չեք գտնի, որտեղ իշխանությունը որևէ տեղում ներգրավել է վարչական ռեսուրս: «Կրթական համակարգում չկա համակարգային կոռուպցիա»,-հայտարարեց նա:
Նախարարը նշեց, որ ենթակառուցվածքների առումով հանրակրթության ոլորտում ունենք շատ մտահոգիչ իրավիճակ:
«Մեր կառավարությունը ես համարում եմ ամենաազգային կառավարությունը, որ երբևէ եղել է Հայաստանի Հանրապետությունում և այդ թվում` կրթական բարեփոխումներում ազգային բաղադրիչին ամենակարևոր նշանակությունն է տրվում և ազգային ինքնության հարցի չափորոշիչների վերաբերյալ տրված են շատ հստակ հանձնարարականներ, և դրանք կարմիր թելով անցնելու են բարեփոխումների ընթացքում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ համակարգային փոփոխություններ նաև գիտության մեջ են անհրաժեշտ:
Ներկայացնելով նախատեսված ծրագրերը՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախատեսել են, որ մինչև 2023 թվականը երեխաների 70 տոկոսը պետք է հաճախի նախադպրոցական ուսումնական հաստատություններ:
Անդրադառնալով միջին մասնագիտական կրթությանը, նա կարծիք հայտնեց, որ ոլորտը եղել է ամենաանտեսվածը, ամենավատ զարգացածը, որտեղ անմխիթար վիճակ է տիրում։ Ըստ նրա՝ այս խնդիրները լուծելու հարցում կարևոր է նաև բիզնեսի հետ աշխատանքը:










