Պարտավոր ենք անընդհատ արժևորել և կարևորել ուսուցչի ինստիտուտը, որ տասնամյակներ շարունակ նսեմացվել, խեղաթյուրվել է. Մխիթար Հայրապետյան

12:06 • 20.12.19

Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունենում քննարկում՝ «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը իր խոսքում ներկայացրեց կրթության ոլորտում իրականացված քայլերը:

«Համար մեկ կարևոր նշանակություն ունեցող ոլորտը կրթությունն է, քանի որ առանց կրթության չես կարող ունենալ բանակ»,-ասաց նա և նշեց, որ իրականացված շատ աշխատանքներ մնացել են ստվերում:

Նա հայտնեց, որ աննախադեպ ծավալով ավելացվել է կրթության և գիտության բյուջեն, իսկ ամրոցաշինության ոլորտում աննախադեպ ծավալի գումարներ են ներդրվել: Ինչ վերաբերում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, Մխիթար Հայրապետյանը նշեց, որ հունվարի 15-20 ժամանակահատվածում կոնկրետ այդ օրենքի նախագծի վերաբերյալ ունենալու են լսումներ:

«Ուսուցիչը պետք է դառնա համար մեկ էլիտան, և կարևորված լինի, քան երբևէ: Մենք պարտավոր ենք անընդհատ մեծարել, արժևորել և կարևորել ուսուցչի ինստիտուտը, որ տասնամյակներ շարունակ նսեմացվել, խեղաթյուրվել է նախորդ իշխանությունների կողմից»,-ասաց նա:

Անդրադառնալով ավագ դպրոցներին՝ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ դրանք որպես ինստիտուտներ չեն կայացել: Միջին մասնագիտական հաստատությունների հարցի վերաբերյալ նա ասաց, որ նոր օրենքի նախագիծ են ներկայացրել, որի նպատակը դրանք զարգացնելը, հզորացնելն է:

«Որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ բոլոր երեխաները դպրոցից հետո պետք է գնան և բարձրագույն կրթություն ստանան, սակայն այստեղ ևս կարծրատիպերի խնդիր կա: Հանրությունում պաշտոնյայի դերը որպես պատասխանատվություն պետք է ընկալվի և ոչ որպես բարեկեցություն, և լավ արհեստավորը վատ պաշտոնյայից սոցիալական շատ ավելի լավ պայմաններում պետք է ապրի»,-ասաց նա:

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ իրենք ինքնուրույն և միանձնյա որևէ բարեփոխումներ չեն անում: