Դպրոցների ապաքաղաքականացումը կարևոր ձեռքբերում է, սակայն եթե իշխանությունն այսօր ուսուցիչներին հանձնարարի անել այն, ինչ նրանք անում էին նախկինում, գերակշիռ մասն անելու է դա. Նաիրա Զոհրաբյան

15:39 • 20.12.19

Դպրոցների ապաքաղաքականացումը վերջին ժամանակների կարևոր ձեռքբերումներից է, այս մասին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Բայց ես որևէ երաշխիք չունեմ, ավելին` գրեթե համոզված եմ, որ եթե այսօր իշխանությունը հանձնարարի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին անել նույն բանը, ինչ իրենք անում էին տարիներ շարունակ` կլինի պատին նկարներ «ճպցնել» (նկատի ունի երկրի ղեկավարի նկարը – Tert.am), կլինի ընտրական հանձնաժողովում կրծքով փակել քվեախցիկը, գերակշիռ մեծամասնությունն անելու է: Հանկարծ մեկը չասի, թե ինքը չի անելու, քանի որ իր մտածելակերպում հեղափոխություն է տեղի ունեցել»,- ասաց նա և նշեց, որ գուցե 5-7%-ի մոտ փոփոխություն է եղել:

Անդրադառնալով կոռուպցիայի թեմային՝ նա ասաց, որ բուհերում դեռ կոռուպցիան առաջնագծում կատաղորեն դիմադրում է, և այստեղ իսկապես լուրջ փոփոխություններ են պետք: Նա դրական համարեց, որ քննարկումներն ավելացել են կրթական համակարգի բարեփոխումների հարցում: «Ոչ, պետք չէ քանդել, փշրել ամեն ինչը և ոչ էլ պետք է որպես նյութական մշակութային արժեք պահպանել»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն արհեստական օրակարգ համարեց ազգային արժեքները ժամանակակից արժեքներին հակազդելը: «Ո՞վ է ասել, որ ազգայինը չի կարող լինել ժամանակակից, կամ որ դրանք հականիշներ են: Չի՛ կարելի ավանդականը փորձել հակադրել ժամանակակիցի հետ և ինչ-որ «իդիոտ» տեքստեր արտաբերել տարբեր ամբիոնից»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ ավագ դպրոցները լրջագույն խնդիր են. թեև դե յուրե դրանք կան, սակայն իրենց գործառույթը չեն կատարում: Պատգամավորը ներկայացրեց, որ  2019 թվականին «Հայոց լեզու» առարկայից 31,021 դիմորդից 1688-ը ստացել է անբավարար, 19-20 միավոր ստացել է 152 աշակերտ, «Հայ գրականություն» առարկայից 4540 դիմորդից անբավարար է ստացել 1062-ը: «Սա է հանրակրթական դպրոցներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաների դասավանդման որակը»,- ասաց նա և կոչ արեց հանրակրթական ոլորտում անել հեղափոխությունը: