Չկա գեթ մեկը նշված ցուցակի մեջ, ով համաձայնություն չի տվել. Լևոն Քոչարյանը` շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների ստորագրահավաքի մասին (տեսանյութ)

17:38 • 20.12.19

Չկա գեթ մեկը նշված ցուցակի մեջ, ով համաձայնություն չի տվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը` անդրադառնալով Հայաստանի շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների ստորագրահավաքին, որով կոչ են անում ազատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ինչ վերաբերում է որոշ ներկայացուցիչների` իրենց ստորագրությունից հրաժարվելուն, ապա Լևոն Քոչարյանն ասաց. «Մենք մեզ թույլ չենք տա համապատասխան ապացույցներ ներկայացնել մարդկանց ինչ-որ ավելի վատ վիճակի մեջ չդնելու համար: Ես նորից շնորհակալ եմ բոլորին, ովքեր միացել են»:

Հարցին, թե արդյո՞ք կնոջ գործոնը եղել է այդ ստորագրահավաքին, նա ասաց. «Դե վստահ եմ, որ բնականաբար եղած կլինի, կոլեգաներ են»: Իսկ հարցին, թե կինն ինչո՞ւ չի միացել, նա ասաց. «Այսինքն ձեզ թվո՞ւմ է, որ նա պետք է ստորագրի, որ պարզ լինի»:

Լևոն Քոչարյանը պարզաբանեց, որ որքանով ինքը հասկացել է` ստորագրություն, որպես այդպիսին, չի եղել, խոսքը հայտարարությանը միանալու մասին է եղել: «Եթե ինչ-որ մարդ կա, որ տեքստին ինչ-որ կերպ ծանոթ չի եղել, ես չգիտեմ թե ում թերացումն է դա,  ներողություն եմ խնդրում դրա համար, բայց դա գրեթե բացառում եմ: Մի մասը կային, որ ասեցին՝ դե չենք ստորագրել, այսինքն ստորագրել բառի վրա բառախաղը գնաց: Ով հետ է կանգնել այդ ամենից, էլի չեմ մեղադրում, ինչ-որ տեղ հասկանում եմ, հանրային մարդիկ են, քննադատությունն ավելի ծանր է իրենց համար, գուցե ավելի զգացմունքային են տանում այդ ամենը»,-ասաց նա:

Նա նշեց, որ հայտարարության տեքստում ասվում է, որ խոսքը քաղաքականության մասին չէ, այլ ավելին. հումանիստական քայլ էր:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը։