Արարատի մարզում 3 խոշոր ներդրումային ծրագիր է իրականացվում. 2020-ի երկրորդ կեսին կբացվի գյուղմթերքի շուկա. Արարատի մարզպետն ամփոփեց 2019 թ. աշխատանքները
2019 թ. Արարատի մարզի ներկայացրած 80 սուբվենցիոն հայտերից հաստատվել են 58-ը՝ կատարվելով 43 համայնքներում: Այս մասին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նա ներկայացրեց, որ 2019 թ. առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը եղել են 22-ը, որոնց նախահաշվային գումարը կազմել է 413 միլիոն դրամ:
«2019 թ. Արարատի մարզի համար կարևորվում է տեղի ունեցած և դեռևս շարունակվող շինարարական աշխատանքների քանակով»,-ասաց մարզպետն ու նշեց, թե հանրակրթական դպրոցներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, որոնք շարունակական բնույթ են կրելու նաև 2020 թ.:
Մարզպետի խոսքով՝ մարզին ուղղվել է ոռոգման ու խմելու ջրագծերի համար առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր, կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգվել է Սիս գյուղի ճանապարհը՝ 2,3 կիլոմետր: Մարզում թվով 4 մանկապարտեզ է կառուցվել, որոնցից մեկը՝ բարերարի, մեկն էլ՝ բարերարի և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ:
Սարգսյանի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում ևս լավ արդյունքներ են գրանցել, օրինակ՝ խաղողի մթերման ծավալները գրեթե կրկնակի ավելացել են: «Ինտենսիվ այգիների մասով նույնպես ունենք ավելացում, դրանց չափը հասել է մոտ 78 հեկտարի»,-հավելեց Սարգսյանը:
Անդրադառնալով մարզում կատարված ներդրումներին՝ մարզպետը հիշեցրեց «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես ներդրումային ֆորումի մասին:
«Ֆորումի ընթացքում մենք հյուրեր ունեցանք ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից: Ներկայացվեցին մի շարք ծրագրեր, որոնցից երեք խոշոր ծրագրերն իրականացնվում են այս պահին»,-ասաց մարզպետը, ապա թվեց ծրագրերը:
«Երևան-Երասխ ավտոճանապարհի վրա, Մխչյան համայնքի հարակից տարածքում կառուցվում է 11 հեկտար մեծությամբ գյուղատնտեսական ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ գյուղմթերքի շուկա, որը կարող է միացնել Մասիսի ու Արտաշատի տարածաշրջանները: Այստեղ կարող են իրենց բերքն իրացնել ինչպես հարևան մարզերի, այնպես էլ Արցախի գյուղատնտեսները, ինչու չէ՝ Իրանի քաղաքացիներ»,-ասաց նա՝ նշելով, որ գործարարը խոստացել է, որ հաջորդ տարվա երկրորդ կեսին շուկան բացված կլինի:
Երկրորդ խոշոր ծրագիրը մարզի Քաղցրաշեն համայնքում է. գործարարի կողմից իրականացվում է խաղողի այգիների տնկում, կառուցվում է գինու և կոնյակի գործարան: «Ներկայումս ծրագրի շրջանակներում օրական միջինում 15 մարդ է աշխատում, գործարանի բացումից հետո մշտական աշխատողների թիվը կհասնի 50-60-ի»,-ասաց նա:
Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերում է մարզում սոյայի աճեցմանը:
«Ներդրողի կողմից մարզի տարբեր համայնքներում վարձակալվել է ընդհանուր առմամբ 115 հեկտար վարելահող: Ըստ ծրագրի՝ գյուղատնտեսներին սոյայի աճեցման համար կտրամադրվի սերմացու և պարարտանյութ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն: Նախատեսվում է կառուցվել նաև վերամշակման գործարան»,-ասաց Սարգսյանը:
Վերջինս հետհեղափոխական Հայաստանի հանդեպ հավատ ունեցող և տնտեսական հեղափոխությանը մասնակցելու ցանկություն ունեցող գործարարներին կոչ արեց վերադառնալ հայրենիք ու բիզնես ծրագրերը կյանքի կոչել հայրենիքում:
«Մենք բոլոր մեր հայրենակիցներին ցանկացած հարցով պատրաստ ենք աջակցելու, օգնելու, նրանց ծրագրերը կառավարության դատին հանձնելու ու, եթե կարիք լինի, ինչ-ինչ արտոնություններից օգտվեն»,-ասաց նա:










