Մարզպետարանից ոչ մեկը «դաբրոներ» չի կարող ունենալ, մրցույթները կազմակերպվում են մաքսիմում ազատ, բայց հեղափոխությանը դիմադրող օջախներ կան. Արարատի մարզպետն ամփոփում է տարին
Մեր կողմից ոչ մեկը չի հովանավորվում, մեր լեզվով ասած՝ մարզպետարանից ոչ մեկը «դաբրոներ» չի կարող ունենալ, մրցույթները կազմակերպվում են մաքսիմում ազատ, թափանցիկ: Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով բողոքներին, թե մարզում դպրոցի տնօրենների, ուսուցիչների և այլ աշխատակիցների ընդունման մրցույթները ոչ պատշաճ կարգով են իրականացվում:
«Եթե նույնիսկ հավակնորդներն իրենց հայտը ներկայացնելիս կլսեն, թե իրենց կոլեգաներից մեկի համար մարզպետարանից «դաբրո» կա, անպայման թող դիմեն մեզ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե կլինեն մարդիկ, ովքեր իրենց ցանկալի անձանց կփորձեն անցկացնել այդ մրցույթներում և դրանցում մարզպետի ֆակտորը շահարկել, շատ խիստ և համարժեք գնահատականի կարժանանան, ընդհուպ՝ զբաղեցրած պաշտոնից ազատում:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պետական ողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ առումով ինչպիսի՞ իրավիճակ է իրենց մարզում, Գարիկ Սարգսյանն արձագանքեց, թե Արարատի մարզը բացառություն չէ:
«Մենք իդեալական մաքրություն դեռևս չենք արել, ունենք դիմադրող օջախներ, կան աշխատակիցներ, որոնք պետական համակարգում նախկինում աշխատել են ոչ թե աշխատավարձ ստանալու, այլ, այդ դիրքն օգտագործելով, տարբեր մեխանիզմներով հավելյալ եկամուտներ ստանալու համար»,-ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ իրենց ենթակայության տակ գտնվող այդպիսի աշխատակիցների հայտնաբերելիս քայլեր են ձեռնարկում:
«Եթե փոքր է մեղքը, փորձում ենք սկզբի համար խոսակցություն ունենալ ու բռնել այդ ձեռքը կամ խոսել, եթե նպատակահարմար է՝ այլևս չշարունակի աշխատել, իսկ եթե մեղքը շատ մեծ է, դիմում ենք իրավապահ մարմիններին, որպեսզի քննությունը պարզի, թե նրանք ինչ պատիժ պետք է կրեն»,-ասաց Սարգսյանը, ապա հավելեց, թե եթե մի օր աշխատակիցներից որևէ մեկը ցանկանա կոռուպցիոն սխեմայով այլ դրամական միջոցներ ձեռք բերել, դա կվերագրեմ իրեն:
«Մենք այսօր պատշաճ կերպով վարձատրում ենք մեր ցանկացած աշխատակցի, և պարգևատրումների ֆոնդը ավելացվել է հենց այդ նպատակով»,-ասաց մարզպետը՝ նշելով, թե Արարատի մարզպետարանին 2019 թ. տրամադրվել է 86 միլիոն դրամ պարգևատրման ֆոնդ:
«Անցած բոլոր ամիսների ընթացքում բոլոր ամիսներին 30%-ով պարգևատրվել են մեր բոլոր աշխատակիցները: Եղել են աշխատակիցներ, որոնք գնահատվել են ավելի բարձր և ստացել են իրենց կատարած աշխատանքի ծավալին համարժեք պարգևատրումներ»,-ասաց Սարգսյանը՝ նշելով նաև, թե մարզի խնայողություններն այնքան շատ են, որ կարող են նույնիսկ 14-րդ աշխատավարձ տրամադրել, բայց ինքը ցանկացել է իմանալ, թե աշխատակիցներն ինչպես են գնահատում իրենց աշխատանքը:
«Ավելի արդյունավետ աշխատողներն իրենց աշխատանքն ավելի ցածր էին գնահատել, քան պակաս սրտացավ ու նախաձեռնող աշխատակիցները: Ովքեր իրենց աշխատանքը բարձր էին գնահատել, միջինացրի գնահատականը, համեստ աշխատողներինը բարձրացրի»:










